Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և իդեալականության ձգտում․ Միրաքյան
Նմանատիպ
«Հայաստանում ՊԵԿ-ը երկու հիմնական խնդիր ունի՝ պլանային հարկահավաքություն և երկրորդ՝ իդեալականության, ստերիլության ձգտում (կամ ձևական ձգտում)»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:
«1. Եթե ՊԵԿ-ը չի գործում «զարգացնենք Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսության շրջանակներում, այլ միայն հարկահավաքության վարչարարության, պլանի կատարման վրա է կենտրոնանում, ապա ստացվում է իրավիճակ, որ ՊԵԿ-ը սկսում է չտարբերվել «дань» հավաքող, ասենք Օսմանյան Կայսրության ժամանակների հարկահավաքներից:
Օսմանյան Կայսրության հարկահավաքների խնդիրն էր միայն հարկային պլանի կատարումը, իսկ Հայաստանի ՊԵԿ-ը պետք է գործի «զարգացնել Հայաստանի տնտեսությունը» գաղափարախոսությամբ:
Հիմա կասեք տնտեսական զարգացումը Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, իսկ ՊԵԿ-ինը հարկային վարչարարությունն է:
Չէ, ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է: Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականություն թելադրող գործունեություն է և ՊԵԿ-ը տնտեսական քաղաքականություն իրականացնող կառույց է, այնպես, ինչպես Ֆինանսների նախարարությունը կամ Կենտրոնական Բանկը:
Այս համատեքստում, եթե ՊԵԿ-ի գործունեության գլխավոր գաղափարախոսությունը հարկային քաղաքականության միջոցով երկրի տնտեսության զարգացումը չէ, ապա այն վերածվում է հարկահավաք ռեպրեսիվ կառույցի:
Գաղափարախոսությունը շատ կարևոր է, ցավոք առայժմ ՊԵԿ-ի հիմնական գաղափարախոսությունը հարկահավաքության պլանների իրականացումն է, իր բոլոր բացասական հետևանքներով, իսկ պետք է լինի տնտեսության զարգացումը:
2. ՊԵԿ-ի երկրորդ խնդիրը հարկահավաքության համատեքստում ստերիլության ձգտումն է: Այս խնդիրը նույնպես առաջին կետի հետևանքներից է, բայց ոչ պակաս վտանգավոր: Իդեալական հարկահավաքության երբեք չի կարելի է հասնել ու հաճախ դրան ձգտելն ավելի վնասակար կարող է լինել տնտեսության համար, քան չձգտելը: Պետք է հաշտվել ինչ-որ չափի կորուստների հետ, քանի որ տնտեսությունը շատ բարդ պրոցեսներից է բաղկացած ու իդեալական հարկահավաքության ձգտումը հաճախ տնտեսական ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան ինչ-որ բաներ «աչքաթող» անելը:
Վերոնշյալ երկու կետերում, եթե փոփոխություն լինի, ապա դա հսկայական դրական ազդեցություն կունենա երկրի գործարար մթնոլորտի, տնտեսական զարգացման ու ներդրումային ոլորտի վրա ու ՊԵԿ-ը ռեպրեսիվ վարչարարություն իրականացնող կառույցից կվերածվի երկրի տնտեսական զարգացումն ապահովող կառույցի»,-գրել է Միրաքյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում