Քրեական հեղինակության եղբորորդուն կալանքի տարած դատավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մայիսի 22-ից, սակայն նա իր կարիերան սկսել է դեռ 1999 թվականից, երբ աշխատել է ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում՝ որպես ավագ տեսուչ-հերթապահ։
Նա 2000-2003 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շահումյանի քննչական բաժնում՝ որպես քննիչ։ Նույն 2003 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։ 2004-2007 թվականներին նա աշխատել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ։
2007-2010 թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի 2-րդ քննչական բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ։
Այնուհետև, 2010 թվականից սկսած, 4 տարի գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։ 2010-2018 թթ. իրականացրել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն։
2019 թվականից մինչ 2023 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։
Մելքոնյանը 2023 թվականի՝ եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 30-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է բնակարան Երևանում՝ բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականի մարտին: Սակայն հաշվետու տարվա վերջում դատավորը բնակարանի հետ զուգահեռ հայտարարագրել է նաև հողամաս, որտեղ նրա սեփականությունը 1/3 բաժինն է, վերջինս գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում․ Մասիս Մելքոնյանը հողամասը ձեռք է բերել 2023 թվականի դեկտեմբերին:
Դատավորը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2003 թվականի Volkswagen մակնիշի ավտոմեքենան: Հաշվետու տարվա վերջում տրանսպորտային միջոցը պահպանվել է, սակայն Մելքոնյանը շահագործել է նաև իրեն սեփականության իրավունքով չպատկանող՝ 2012 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան:
Նրա տարեկան եկամուտը կազմել է 7 մլն 413 հազար դրամ, որը դատարանից ստացած աշխատավարձն է:
Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբոր որդուն՝ Լևոն Բանդուրյանին կալանքի տարած դատավորը Մասիս Մելքոնյանը առավել հայտնի է դատական համակարգում որպես իշխանության «սրտի դատավոր»: Ավելին՝ նա իր հավատարմությունը ցույց տալու համար ակտիվորեն հետևում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումներին, ակտիվորեն հավանում կամ «սրտիկներ» է դնում դրանց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում