Հնարավոր կլինի՞ գիտությունը մոտեցնել հասարակությանը. ի՞նչ է սպասվում հոկտեմբերի սկզբին Հայաստանում. «Փաստ»
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարի հոկտեմբերի 1-ից 6-ն առաջին անգամ անցկացվելու է համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։ Նախագծի կազմակերպիչն է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Ըստ պաշտոնական ձևակերպման, «այն կոչված է լինելու հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, գիտնականի աշխատանքը, գիտական արդյունքն ու մեթոդները ավելի հասկանալի դարձնել հասարակության համար, հանրության շրջանում ձևավորել գիտակցումը, որ առանց գիտության անհնար է ունենալ ուժեղ ու զարգացող պետություն, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ցանկացած ասպեկտ այս կամ այն կերպ կապված է գիտության հետ»։
Համազգային գիտության շաբաթվա գլխավոր գործընկերն է դարձել Team Telecom Armenia-ն՝ երիտասարդների շրջանում գիտության և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար: «Գիտության շաբաթը բացառիկ հարթակ է ստեղծում գիտության և հասարակության միջև կապ հաստատելու համար, և որպես Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ մենք մեծ ոգևորությամբ ենք միանում այս նախաձեռնությանը», – նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Նա նշում է, որ իրենց մասնակցությունը նպատակ ունի օգնել բացահայտելու գիտության և տեխնոլոգիաների անփոխարինելի դերը ժամանակակից աշխարհում: «Հուսով ենք, որ այս միջոցառումը կոգեշնչի երիտասարդ սերնդին»,-ասում է Եսայանը։
Ի դեպ, հավելենք, որ Գիտության շաբաթվա շրջանակում անցկացվում են նաև «Գիտաn» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին, ըստ մեր տեղեկությունների, Team Telecom Armenia-ն կպարգևատրի հատուկ մրցանակներով: Նախատեսվում է մրցույթ կազմակերպել նաև այն դպրոցների միջև, որոնք իրենց մոտ կանցկացնեն միջոցառումներ Գիտության շաբաթվա ընթացքում։
Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը 6 օր շարունակ տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժիններ՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»։ Զուգահեռ մայրաքաղաքի ու բոլոր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում անցկացվելու են ապակենտրոնացված միջոցառումներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում