Ուելսի արքայազնը ժամանել է Կոլումբիա՝ աջակցելու երկրի խաղաղությանը

Ուելսի արքայազն Չարլզը տիկոջ՝ Կամիլա Պարկեր Բոուլզի հետ այցով ժամանել է Կոլումբիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Heraldo հրատարակությանը, այցի հիմնական թեմաներից մեկը կդառնա բրիտանական գահի ժառանգորդի կողմից աջակցությունը խաղաղ կարգավորման գործընթացին, որն ընթանում է հարավամերիկյան այդ երկրում:

Բոկոտայում գտնվելու ընթացքում Ուելսի արքայազնը եւ Կոռնուելի դքսուհին պլանավորում են մասնակցել այսպես կոչված «խաղաղության եւ հաշտության արարողությանը»՝ հարգելու Կոլումբիայում ներքին զինված հակամարտության բոլոր զհերի հիշատակը, ինչպես նաեւ հանդիպելու հասարակության՝ բռնությունից առավել տուժած սոցիալական խավերի ներկայացուցիչների հետ:

Արքայազն Չարլզի ներկայացուցչի հաշվարկների համաձայն՝ Կոլումբիան դարձել է աշխարհի հարյուրերորդ պետությունը, ուր պաշտոնական այցով ժամանել է գահի ժառանգորդը:

Ընդամենը 1960-ական թվականներից ի վեր Կոլումբիայում ներքին հակամարտության զոհ է դարձել շուրջ 220 հազար մարդ: 2012 թվականից Հավանայում բանակցություններ են ընթանում իշխանությունների եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի միջեւ, որը հաշտության համաձայնագրի հասնելու արդեն չորրորդ փորձն է դարձել վերջին 35 տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում