Քարոզչական շիզոֆրենիան վտանգավոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Նմանատիպ
«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակն աընդհատ ցույց է տալիս, որ, ուզենք թե չուզենք, Նիկոլ Փաշինյանին ու իր քարոզչամեքենային առնվազն հաջողվել է այնպես ապականել քաղաքական դաշտը, հանրային տրամադրությունները, որ քաղաքական շիզոֆրենիան մեծապես տարածվել է քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։ Դրա ամենավառ օրինակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում «շեհիդների պուրակ» այցի հետ կապված աղմուկն էր։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրականում Պուտինը ծաղիկներ է խոնարհել 1990 թվականին խորհրդային բանակի կողմից սպանված ադրբեջանցիների հիշատակին։ Այստեղ շատ ավելի կարևոր հանգամանք է, որ խոսքը արարողակարգային այցի մասին է։ Ավելին, այդ պուրակ թե՛ նախկինում, թե՛ վերջին տարիներին, ըստ արարողակարգի, այցելել են բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանն իրեն բարեկամ հռչակած Ֆրանսիայի ներկայացուցիչները։
Իսկ ինչո՞ւ են աղմկում փաշինյանական քարոզչամեքենան, ներառյալ, այսպես կոչված, «սորոսականները»: Առաջին պատճառը լրիվ հասկանալի է. ի հայտ է եկել հակառուսական տրամադրությունները խորացնելու «հիասքանչ պատճառ»: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ, ըստ էության նման աղմուկի տակ փորձ է արվում անտեսել տալ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» է ստեղծվել մի վիճակ, երբ ՌԴ նախագահը Բաքու է այցելում առանց Երևան այցի: Այդ նույն Փաշինյանն էր, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ փակում էր Պուտինի ճանապարհը Երևան, Պրահայում Արցախն Ադրբեջանի անքակտելի մաս էր հռչակում, կասկածելի «խաղեր» էր տալիս Արևմուտքի հետ, Հայաստանում ձևավորում էր հակառուսական տրամադրություններ, ամեն ինչ արեց Արցախը հանձնելու և Արցախից ռուսական խաղաղապահներին դուրս բերելու համար, հիմա փորձում է ռուսներին դուրս բերել Հայաստանից ընդհանրապես: Չլինեին այս բոլոր արկածախնդրությունները, Բաքվում քննարկված թեմաները հանգիստ կարող էին քննարկվել Երևանում՝ ռուսական գազի տարանցում, սահմանազատում և սահմանագծում, «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծում, ինչու չէ՝ հենց Արցախի հարց. ի վերջո, այս ամենը քննարկելու առիթներ Մոսկվան հենց Երևանի հետ ուներ, այլ ոչ Բաքվի։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանին ուղղակի կարող են «տեղեկացնել», թե ինչ են քննարկել… առանց Հայաստանի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում