Վրաստանի Խորհրդարանը հնարավոր է դառնա միակուսակցական․ Կոբախիձե

Վրաստանի Խորհրդարանը հնարավոր է դառնա միակուսակցական․ Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր են հակասահմանադրական ճանաչել ոչ միայն նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը, այլև նրա հետ առնչվող մյուս ուժերին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Այսօր Մոլդովայի խորհրդարանը փաստացի միակուսակցական է, բայց ոչ մեկը դրա մասին չի խոսում, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Նույնը կլինի Վրաստանում»,-ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը կանխատեսում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմին կանցնեն ընդամենը երկու կուսակցություն՝ «Վրացական երազանքն» ու «Միացյալ ազգային շարժումը»։

Օգոստոսի 20-ին Վրաստանի իշխող կուսակցությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնության քվեն ստանալու դեպքում «Միացյալ ազգային շարժումը» կհայտարարվի հակասահմանադրական։

Այլ կերպ ասած՝ Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորներն այդ քաղաքական ուժի՝ հակասահմանադրական ճանաչվելուց հետո զրկվելու են պատգամավորական մանդատից։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ նախկին վարչապետ Գեորգի Գահարիի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ևս Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ ալյանսի մեջ է․

«Դա կոլեկտիվ քրեական քաղաքական ուժ է, որն անպայման պետք է դատապարտվի»,-ասել է Կոբախիձեն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում