Թուրքիայի նախագահի նստավայրը նոր անուն ունի

Թուրքիայի իշխող կուսակցությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ նախագահի նոր նստավայրի անունը «Սպիտակ տուն» է: Ինչպես հաղղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական լրատվական կայքը, Էրդողանի` Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ նախատեսվող ծրագրի մեջ, որը պաշտոնապես արդեն հրապարակվել է, նախագահի նստավայրը անվանված է որպես «Նախագահական պալատ»:

Հոկտեմբերի 29-ին` Հանրապետության 91-րդ տարվան նվիրված միջոցառումներն այս տարի առաջին անգամ տեղի կունենան նախկին նախագահական նստավայրից` Չանքայայի պալատից դուրս:

Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Էրդողանը որոշում է կայացրել այսուհետև չօգտագործել երկրի ողջ հանրապետական պատմության ընթացքում նախագահական նստավայրը հանդիսացող Չանքայայի պալատը: Այսպիսով, Էրդողանն հրաժարվել էր իբրև նախագահական նստավայր օգտագործել ժամանակին հայկական Քասաբյանների ընտանիքին պատկանած և Հայոց ցեղասպանության արդյունքում նրանցից խլված շինությունից: Խախտելով Թուրքիայի Հանրապետության արդեն 91-ամյա ավանդույթը` Էրդողանը որոշում էր կայացրել տեղափոխվել և նախագահական նստավայր դարձնել «Աթաթուրքի անտառային հողատարածք» անվանումը կրող տարածքում կառուցվող նոր շինությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում