ԴԱՀԿ աշխատակիցների համար օրենքով պարգևավճարների ֆոնդ կամրագրվի․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցների համար օրենքով պարգեւավճարների ֆոնդ կամրագրվի։ Կառավարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել ԱԺ, որը, ըստ ամենայնի, կընդունվի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։ Պարգեւատրման ֆոնդի ձեւավորման պայմանները, հաշվարկը, գումարի առավելագույն չափը, ըստ նախագծի, սահմանելու է կառավարությունը: Հիմնավորումն այն է, որ հարկադիր կատարողների աշխատավարձերը ցածր են: Տեսուչի աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, բաժնի պետերինը՝ մոտ 450 հազար։ Իսկ երկրորդ հիմնավորումն առավել զավեշտալի է․ «ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված… արդյունքահեն համակարգի վրա հիմնված պարգեւատրման 2022 թ. սեպտեմբերից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Արդյունքում պարգեւատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել»: Այսինքն՝ մեկ անգամ պարգեւատրման պիլոտային ծրագիր է իրականացվել՝ պարգեւավճարներ են տվել ԴԱՀԿ աշխատողներին, արդյունքում լավ ցուցանիշներ են արձանագրվել, որոշել են դա դարձնել մշտական: Ասել կուզի՝ ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսով, այլ ոչ թե օրենքով սահմանված աշխատավարձերով։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում