Բաքվի գործողությունները բարդացնում են Ադրբեջանի վիճակը Եվրոպայի խորհրդում․ ԵԽԽՎ նախագահ
Նմանատիպ
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, համաձայն որի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամներ անցանկալի անձ կհայտարարվեն և կարգելվի նրանց մուտքը Ադրբեջան:
«Սա ավելի քան ցավալի ազդակ է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ ԵԽԽՎ անդամ պետությունները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները, հետևաբար սև ցուցակներում ներառել նրանց, որոնք քվեարկել են խղճի մտոք, կարող է հակառակ արդյունքն ունենալ»,-նշել է նա:
Իր հերթին ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության նախագահ Մարկուս Վիհելը նշել է, որ զարմացած չէ ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովին ընդառաջ շվեդ վեց պատգամավորների համար մուտքի արգելք սահմանելու Ադրբեջանի որոշումից:
Նրա խոսքով՝ դա միանգամայն սպասելի էր և անխուսափելի։ «Ես երկար ժամանակ քննադատել եմ Ադրբեջանում տիրող բռնապետությունն ու նրա հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա։ Ես շատ ուրախ եմ, որ շվեդական ամբողջ պատվիրակությունը քվեարկել է այնպես, ինչպես համարել է ճիշտ, – հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները, այդ թվում՝ վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն, ներառվել են «անցանկալի անձանց» ցուցակում։
«Եթե այդ անձինք Ադրբեջան ժամանեն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումից առաջ, նրանց թույլ չեն տա մուտք գործել երկիր», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։
Նշենք, որ Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Համաձայն Շբաբեի հայտարարության՝ Ադրբեջանը շահագրգռված չէ ԵԽ-ին անդամակցությամբ։ Բացի այդ, նա Բաքվին մեղադրել է խորհրդի կողմից առաջ քաշված արժեքներն անտեսելու մեջ։
Նշենք նաև, որ ԵԽԽՎ-ը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում