Քեմալ Աթաթուրքի կուսակցության նախկին նախագահին սպառնում է ազատազրկում
Նմանատիպ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հնարավոր է դատապարտվի 3,5 տարվա ազատազրկման ու զրկվի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան որոշում են կայացրել դատական իշխանությունները․ առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 3-ին։
Մեղադրական եզրակացությունը նախապատրաստել է Անկարայի գլխավոր դատախազության՝ խորհրդարանական հանցագործությունների հետաքննության բյուրոն։
Քըլըչդարօղլուն մեղադրվում է «հանցագործություններն ու հանցավոր արարքները պարբերաբար խրախուսելու մեջ»։ Պնդում են, որ 2014թ․ նա ողջունել է Սելահաթթին Դեմիրթաշին, ով ահաբեկչության հոդվածով դատվել ու պատիժը կրում է բանտում։
Քըլըչդարօղլու նկատմամբ հարուցված հայցը բավարարվելու դեպքում նրան սպառնում է 2,5-3,5 տարվա ազատազրկում և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք։ Ինքը՝ Քըլըչդաօրղլուն պնդում է, որ կատարվողը քաղաքական գնահատականի շրջանակում է և քրեական հետապնդման հիմք չկա։
«Ժողովրդահանրապետական» կուսակցության ներկայիս նախագահ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ մեղադրանքն անհիմն է։
«Ժողովրդահանրապետական» կուսակցությունը Թուրքիայի հին կուսակցություններից է և հիմնադրվել է Քեմալ Աթաթուրքի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում