Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր․ Միքայել Մինասյան

Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր․ Միքայել Մինասյան

Ամեն օր Բակոյի, Ռուբենի, Լևոնի, մեր բանտարկյալների մասին մտածելով՝ խեղդվում եմ անզորությունից ու այս մտքերի մեջ միշտ վերադառնում եմ Բակոյին։ Երևի այն պատճառով, որ ես ավելի մոտիկից եմ ճանաչում նրան։ Այս մասին գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Իմ հիշողություններում նա նստած է կեսգիշերից հետո իր տան բակում և փայտ է գցում վառարանի մեջ, որի վրա կարտոֆիլ, սոխ ու հաց է թխվում։ Ծխախոտի ծխից աչքերը սեղմելով՝ նա ուղղում է իր հին վերարկուն և թունդ թեյ խմում։

Մենք հաճախ էինք հանդիպում՝ մեկ անգամ Հռոմում, բավականին հաճախ՝ Երևանում, բայց ամենից հաճախ՝ Ստեփանակերտում։ Եվ ես նրան հիշում եմ հենց այնտեղ՝ իր տան բակում, թախտի վրա նստած պատմություններ պատմելիս, կատակելով և մտահոգ լռությամբ․ Բնական, ուժեղ, չպատկերացնելով իր կյանքն առանց այդ այգու, տան, Ստեփանակերտի ու Արցախի։

Չգիտեմ՝ գիտի՞ նա այս ամեն ինչի մասին, որում մենք ապրում ենք։ Չգիտեմ, թե ինչպես է նա գնահատում բանտում իրեն հասած տեղեկությունները։ Եվ հասկանալով այս ամենը, ես չեմ կարող դիմադրել երևակայական այս խոսակցությանը։

Ընդունո՞ւմ է արդյոք այն, որ իշխանությունները լռում են իր և ընդհանրապես գերիների մասին։ Որ Հայաստանի դեսպանները չեն աշխատում նրանց ազատ արձակելու համար, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները մեր գերիներին ազատ արձակելու պահանջներ չեն գրում, որ ԱԳՆ-ն իրենց հայտարարություններում չեն նշում նրանց մասին, որ պետության առաջին դեմքերը պաշտոնյաները չեն ուզում (կամ նույնիսկ չեն համարձակվում) խոսել նրանց մասին։ Կարծես, նրանք չեն էլ եղել։

Գիտի արդյո՞ք, որ Սփյուռքում գերիների պաշտպանության հարցում նշանակալից ոչինչ չեն ձեռնարկվում։

Ի՞նչ է զգում նա՝ գիտակցելով, որ իր ճանապարհին եղել է մի հանգրվան՝ Արցախի մարտիկի ու պահապանի ուղին, որտեղ նա պետք է զոհաբերեր իր ազատությունը՝ հանուն արցախահայության ապահով ելքի։

Նա գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գրավումը դավաճանական համաձայնության արդյունք է։

Արդյո՞ք գիտի, որ Հայաստանի իշխանությունները նույն կերպ են վարվում Արցախի քաղաքների հետ, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ իր հետ։

Կարո՞ղ էր պատկերացնել, որ հայ ոստիկանները կջարդեն Հայաստանում արցախյան պետականության վերջին խորհրդանիշի՝ Արցախի ներկայացուցչության դարպասները՝ նույն եռանդով, որով Յաշմայի հատուկ ջոկատայինները պղծում էին Արցախի սրբավայրերը։

Ընդունո՞ւմ է, որ Արցախի կորուստը դարձել է սովորական, իսկ պարկեշտ հասարակության մեջ դրա մասին խոսելը համարվում է վատ։

Վստահ եմ, որ Բակոն ունի այս հարցերի իր պատասխանները։ Համոզված եմ, որ նա համաձայն չէ իմ հնչեցրած կոշտ ձևակերպումների հետ։ Իսկ նրա անհամաձայնության հիմքն այն է, որ նա ռոմանտիկ է։ Նա միշտ հավատում էր երջանիկ ավարտին: Ես չեմ զարմանա, եթե նա հիմա դեռ վստահ է դրանում:

Եվ եթե ես նրան ասեի՝ ասում են, որ դու Բաքվի բանտում չես, այլ կա՛մ Ռուսաստանում ինչ-որ տեղ, կա՛մ Բաքվի կենտրոնում գտնվող հարմարավետ բնակարանում, նա կծիծաղեր ու չէր հավատա։

Մեր մտացածին խոսակցության մեջ ես նրան կասեի, որ իր ազատության համար նույնիսկ կիսատ-պռատ համացանցային խնդրագիր չկա, նա էլ կպատասխաներ, որ իր ազգն ապրում է իրական աշխարհում, ոչ թե ֆեյսբուք հարթակում։

Իմ հեգնական հարցին, թե հիմա ինչի մասին է մտածում և խոսում Արայիկը, նա, ժպտալով կպատասխաներ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, բոլորովին կարևոր չէ, թե կոնկրետ ինչ է մտածում, առավել ևս ասում…

Շատ կուզեի Ստեփանակերտի տան բակում գտնվող թախտի վրա նստած նրան տայի այս հարցերը։

Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան։

Թշնամու բանտերում պահվում են մարդիկ, ովքեր կռվել են իրենց ժողովրդի և հայրենիքի համար, ծառայել նրան և իրենց գործողություններով մեզ բացատրել անձնազոհություն բառի նշանակությունը։

Եվ ցավում եմ, որ իմ ժողովուրդը, հուսով եմ, որ ոչ բոլորը, մոռացության են մատնել նրանց»,-գրել է Մինասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում