Գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար. Վեհափառ
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Այդ մասին ասվում է գիտելիքի օրվա առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:
«Նվիրական այս օրը վերստին բացվում են կրթական հաստատությունների դռները` իրենց հարկից ներս ընդունելու ուսումնասեր մեր զավակներին:
Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի ու զարգացման, իսկ կրթության հետ փոխանցվող հոգևոր-բարոյական մնայուն արժեքները` հայրենանվիրումի, ազգասիրության և մեր սրբությունների հանդեպ հավատարմության:
Արդարև, ինչպես վկայում է սուրբգրային խոսքը. «Երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն» (Առակ. Բ 10):
Սիրելի մանկավարժներ, թող Տերը առատորեն արդյունավորի ձեր նվիրյալ ջանքերը` հայրենյաց ավանդներով ու հոգևոր-ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու ուսումնատենչ ու շնորհաշատ մեր զավակներին` հանուն հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթաց կյանքի:
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ և ուսումնական նոր տարում առավել փութաջանորեն լծվեք նորանոր գիտելիքներ ամբարելուն:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն», – նշվում է Վեհափառի ուղերձում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում