Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգը

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգը

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Այն վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստում։

Հինգշաբթի օրը ՀՀ կառավարության կողմից նախագիծը հավանության արժանանալուց հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար:

Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:

Կանոնակարգով, մասնավորապես, նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում և դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձևակերպում և հրատարակում: Նախատեսվում է նաև սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:

Ըստ ԱԳՆ-ի՝ Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջև սահմանային հարցերը կարգավորելու համար:

«Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով պետական սահմանի սահմանազատման աշխատանքների իրականացման իրավական հիմքերի ապահովման կարևորությունը, ինչպես նաև հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» 2024թ. օգոստոսի 30-ի կանոնակարգի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը»,- ասվում է հիմնավորման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում