Հայաստանում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները Թուրքիայից ներողություն են ակնկալում

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելն առաջիկա տարիներին Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայից ներողություն են ակնկալում: Նրանք կոչ արեցին երկու երկրներին հաղթահարել վաղեմի թշնամությունները և հաշտեցման եզրեր փնտրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 29-ին Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին նվիրված ասուլիսին դեսպանները նշեցին, որ մինչև դեկտեմբերի 5-ը մտադիր են հանդես գալ միջոցառումների համատեղ ծրագրով` նվիրված 1914 թվականի Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին:

«Այս միջոցառումների շարքով առաջին հերթին ցանկանում ենք ոգեկոչել Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը, բայց սա նաև հնարավորություն է հաղթահարել վաղեմի թշնամությունները: Պետք է ներողություն խնդրել և հաշտեցման եզր փնտրել, և մենք հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այս հարցի շուրջ»,- ասաց Ռայներ Մորելը:

Դեսպան Քեթրին Լիչն իր հերթին, նշեց, որ վերջին յոթանասուն տարիներին Եվրոպայում մեծ ջանքեր ենք գործադրվել հաշտեցման ուղղությամբ և հույս հայտնեց, որ 2015-ին հայ-թուրքական հարաբերություններում քայլ առաջ կկատարվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում