Քաղաքային իշխանության տապալումը Երևանը վերածել է Սոդոմ-Գոմորի

Քաղաքային իշխանության տապալումը Երևանը վերածել է Սոդոմ-Գոմորի

Հարգելի’ ընթերցողներ, որքան էլ քաղաքական մթնոլորտը Հայաստանում լինի լարված, այնուամենայնիվ, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնց մեր քաղաքացիները բախվում են ամենուր ու ամեն ժամ։ Ցավոք, շատ հաճախ այդ խնդիրներին անդրադարձը լինում է միայն մեկ անգամ, այնուհետև մոռացվում՝ կրկին իր տեղը զիջելով քաղաքական «լրահոսին»։ Արդյունքում բոլոր հարցերը մնում են չլուծված, առավելագույնը ենթարկվում են կոսմետիկ փոփոխությունների։ Որոշ պաշտոնյաներ ստեղծում են արդյունավետ աշխատանքի իմիտացիա, ստանում պարգևավճարներ, իսկ քաղաքացիները շարունակում են կանգնած մնալ հին տաշտակի առջև։

Այսուհետ Times.am-ը հետևողականորեն անդրադառնալու է քաղաքացիներին անհանգստացնող բոլոր խնդիրներին, որոնց ամեն քայլափոխի բախվում են թե՛ մայրաքաղաքում, թե՛ հանրապետության ողջ տարածքում։

Շարքը թերևս սկսենք Երևանից։

Ակնհայտ է, որ Երևանի քաղաքային իշխանությունները չունեն մայրաքաղաքի զարգացման որևէ ծրագիր, դիմակայուն չեն ոչ մի փորձության ու անկարող են լուծել որևէ խնդիր։ Բացի կոսմետիկ քայլերից ու փիառ էլեմենտներ կրող գործողություններից, քաղաքային ներկայիս իշխանությունները կատարյալ ֆիասկո են ապրել իրենց գործունեությունում։

Ցավալին այն է, որ ձախողման համար չկա որևէ պատասխանատվություն, նույնիսկ բարոյական տարրական նորմը, այն է ներողություն խնդրել բնակիչներից, նույնպես բացակայում է։

Սակայն որպեսզի մեղադրանքը մերկապարանոց չհնչի, հարցերին փորձենք անդրադառնալ հերթականությամբ։

Նորություն բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանը տրոպիկական երկիր չէ, մեզ մոտ չեն լինում օրեր տևող անձրևներ, Հայաստանում չեն լինում նաև տորնադոներ։ Այն անձրևները կամ քամիները, որոնք մենք բնութագրում ենք հուժկու, իրականում հեռու են ավերիչ լինելուց, ու եթե տեղի են ունենում ավերածություններ, ապա դրանք ոչ թե բնության տարերքի ուժգնության, այլ քաղաքային իշխանության ոչ պատշաճ աշխատանքի արդյունք են։

Ակնհայտ է, որ մայրաքաղաքում չի գործում ջրահեռացումը, հակառակ դեպքում նման ուժգնության անձրևները այս էլ որերրորդ անգամ, չէին կարող հանգեցնել «ջրհեղեղի»։ Անմխիթար վիճակում են շենքերի տանիքները, չեն պահպանվում շինարարական անվտանգության տարրական նորմերը, հակառակ դեպքում օրեր առաջ կիսակառույց տան պատի փլուզումից պատահական անցորդը չէր զոհվի։ Որքան էլ մեղավոր լինի կառողապատողը, կրկնակի անգամ մեղավոր են համապատասխան կառույցները, որոնք չեն իրականացնում պատշաճ վերահսկողություն։ Ու ո՞վ է պատասխան տալու մարդկային կյանքի կորստի համար կամ ավելի ճիշտ կլինի հարցը ձևակերպել այսպես, ո՞վ պատասխան տվեց։ Առ այս պահը ոչ ոք։

Հաջորդ խնդիրը մի շարք երկրների փորձի կապկումն է առանց ուսումնասիրության, առանց հաշվի առնելու մեր փողոցների առանձնահատկությունը։ Երևանի տարբեր փողոցներում առանձնացրին քաղաքային տրանսպորտի համար նախատեսվող առանձին երթևեկության գծեր, որոնք ոչ միայն չթեթևացրին ծանրաբեռնվածությունը, այլև ունեցան հակառակ ազդեցությունը, օրինակ՝ Գայի պողոտան։ Ավտոբուսների համար նախատեսված գոտին ժամերով մնում է դատարկ, սակայն մյուս գոտիները, որոնցում ստիպված է տեղավորվել ամբողջ երթևեկությունը, խցանումները հասցնում է մինչև Մյասնիկյան պողոտա։

Շարունակելով նույն թեման հավելենք, որ հաջորդ «բարեփոխումը», որը, ըստ քաղաքային իշխանության, պետք է հանգեցներ խցանումների թեթևացմանը, ավելի շատ նման է դրամաշորթության։ Երևանի կայանատեղիները բաժանելով տարբեր գոտիների ու աննախադեպ բարձրացնելով դրանց համար նախատեսված վճարը այն որևէ ազդեցություն չունեցավ երթևեկության թեթևացման առումով և միայն հավելյալ ֆինանսական բեռ դարձավ քաղաքացիների համար։ Բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվում է նմանատիպ պրակտիկան, ենթակառուցվածքներն այնպես են զարգացած, որ մարդիկ հանգիստ օգտնվում են իրենց նախընտրած վայր հասնելու այլընտրանքային ուղիներից, իսկ Երևանում այլընտրանքն ուղղակի բացակայում է, եթե կիլոմետրերով ոտքով քայլելը չհամարենք տարբերակ։

Քանի որ արդեն ամռան տապերն աստիճանաբար նվազում են, անդրադառնանք մի այլ հարցի ևս։ Լավ կլիներ, որ առաջին հերթին Հայաստանը Ճապոնիային նմանվեր ոչ թե ծառերով, այլ տնտեսությամբ, իսկ իշխանություններն էլ ընդօրինակեին ճապոնական մշակույթին բնորոշ պատասխանատվությունը։ Սակայն ոմանք ընտրեցին առավել հեշտ, մի գուցե նաև շահութաբեր տարբերակը։ Քաղաքային ինչ-որ իշխանիկ ենթադրեց, որ Երևանի ծառերն այլևս կենսունակ չեն ու որոշեց դրանք փոխարինել ճապոնական ծառերով։ Առանց որևէ հիմնավոր ուսումնասիրության, առանց որևէ եզրակացության, մասնագետների կողմից փաստաթղթի ներկայացման, պարզապես արմատախիլ արվեցին կանաչ ու տերևաշատ ծառերը, որոնք քաղաքացիներին պաշտպանում էին ամռան շոգից ու տեղադրվեցին ինչ-որ Սակուրաներ։ Օրինակ՝ Շենգավիթ համայնքը ամռան շոգին նման էր անապատի, որտեղ արևի ճառագայթներից պաշտպանվելն ուղղակի անհնար էր։ Նորատունկ ծառերի հովին գուցե ապավինեն մեր թոռները, բայց ոչ երբեք մենք։

Ու որևէ մեկը ներողություն խնդրե՞ց քաղաքացիներին կիզիչ արևի տակ թողնելու, կամ մեքենայով Երևանի կենտրոն մուտք գործելու համար հավելյալ գումար շորթելու համար։ Ընդունեցի՞ն, որ սխալվել են իրենց հաշվարկներում։ Որևէ մեկը ներողություն խնդրո՞ւմ է քաղաքացիներից անձրևի ժամանակ մինչև գոտկատեղը ջրերի մեջ քայլելու համար։ Իհարկե ոչ, իշխանության արտոնությունը միայն պահանջելն է ու քաղաքացիների նույնիսկ թեթև «սայթաքման» դեպքում՝ տուգանելը։

Շարունակելի

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում