Կառավարության ջանքերով ազգային բառն աստիճանաբար դուրս կգա գործածությունից

Կառավարության ջանքերով ազգային բառն աստիճանաբար դուրս կգա գործածությունից

Կառավարությունը հանդես է եկել օրենքի նոր նախագծով, համաձայն որի, մշակութային հաստատություններն «ազգային» բառի փոխարեն իրենց անվան մեջ պետք է կրեն «պետական» բառը:

Նման առաջարկով հանդես գալը դիլետանտիզմ է, հիշեցնում է այն աճապարող ուսանողին, որը հենց նոր է մի գիրք կարդացել ու իրեն երևակայելով արդեն ամենագետ ցանկանում է պատեհ-անպատեհ առիթով խոսել իր կարդացած գրքի մասին, հղում անել Արիստոտելին կամ Պլատոնին, ցույց տալու համար իր «խոր» գիտելիքները։

Ցավոք, նույն իրավիճակում է հայտնվել նաև Հայաստանի իշխանությունը, որի մեծամասնության համար միայն անգլերենի իմացությունը համարվում է գիտելիքային հենք, այնինչ անգլերենն ինքնին գիտելիք չէ, այլ սոսկ լեզու, ու եթե մարդը տիրապետում է միայն լեզվին ու թյուրիմացաբար այն ընդունում է որպես խելացիության անխոցելի գրավական, ապա մեծ է հավանականությունը, որ անգլերենով դուրս կտա բազում ապուշություններ։

Այդ ապուշության դրսևորումներից մեկն է ազգայինի ու պետականի հակադրումը։ Աղոտ հասկանալի է նրանց նպատակը, նախագծով ցանկանում են ստեղծել պետականամետի տպավորություն, իբր արժևորում են պետությունը, սակայն թերուսությունը խանգարում է գիտակցելու, որ ոչ թե պետք է գնալ ազգայինը մերժելու ու պետականին հակադրելու ճանապարհով, այլ հակառակը՝ պետք է նույնացնել ազգայինն ու պետականը։

Օրինակ՝ երբ ԱՄՆ-ում ասում են՝ մեր ազգային շահը, դրանից չի ենթադրվում, որ բացի ազգային շահից, ԱՄՆ-ն ունի նաև պետական շահ, ազգային շահ ասելով` ինքնին հասկացվում է նաև պետական շահը։

Թերուսությունը ոմանց խանգարում է գիտակցել այս պարզ ճշմարտությունը, ինչպես նաև հաշվի առնել ազգային առանձնահատկություններն ու լեզվամտածողությունը։

Հույն փիլիսոփա ու օրենսդիր Սոլոնն ասում էր. «Միայն այն օրենքներն են արդյունավետ կիրառվում, որոնք համապատասխանում են տվյալ հասարակության մտածողությանը, մնացածը վերածվում են անպետք իրի»։

Ներկայումս Հայաստանի իշխանությունը գնում է հենց անպետք իրերի բուծման ճանապարհով, որովհետև որքան էլ ոմանք ցանկանան առաջադեմ երևալ ու հասարակությանը փորձեն պարտադրել սեփական պատկերացումները, որոնք հիմնականում ձևավորվել են ականջի պոչով ինչ-որ բաներ լսելու արդյունքում, այնուամենայնիվ, ինտելեկտի բացակայությունը նրանց ընդամենը վերածում է խեղկատակի։

Կարեն Կարապետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում