Ինչպես Աշտարակի քաղաքապետն ու մարզպետը օգնեցին կալանավորել «քրեականներին». «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել:
Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին «Հրապարակ»-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ներկա է եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյաները վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ «Вот такая доля воровскаяа»-ն, ու մարզպետը ընդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Եվ ահա, իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են այս օրերին տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:
Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյաները՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, կրկին մնացին անպատիժ. մարդիկ, որոնք պարտավոր էին հասարակական վայրերում պատշաճ վարքագիծ դրսեւորել:
Հիշեցնենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն ու այլ ՔՊ պաշտոնյաներ հայտնվել են աղմկահարույց միջադեպերի կիզակետում, սակայն միշտ ջրից չոր են դուրս եկել, իսկ հիմա էլ մարզպետն է մի երգի համար ռեստորանում կռիվ հրահրել ու շարունակում է մնալ անպատիժ, ավելին՝ իրավապահներն են նրան այցելում:
Իսկ ինչո՞վ է իրավիճակը տարբերվում նախկին «լիսկաների» ժամանակներից. Արագածոտնի մարզում «լիսկաները» գլուխ են բարձրացրել ու իրավապահների տեսադաշտից դուրս են մնում մինչ օրս, փոխարենը քրեական աշխարհի ներկայացուցիչներն են առաջնահերթ ձերբակալվում:
«Ժողովուրդ» օրաթեթը այս իրավիճակի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ մարզպետ Սերգեյ Մովսիսյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ ահա Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի օգնականը վստահեցրեց, որ քաղաքապետը միջադեպի հետ կապ չունի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում