Մասնավորի կողմից ՀՀ տարածքում ճանապարհների վերահսկողություն իրականացնելը ինքնիշխանության կորստի փաստ է
Նմանատիպ
Այլևս ակնհայտ է, որ ճանապարհը, որով Ադրբեջանը կկապվի Նախիջևանին, այլ խոսքով ասած՝ «Զանգեզուրի միջանցքը», տրվելու է։ Այս մասին արդեն անթաքույց խոսում են նաև հայաստանյան պաշտոնյաները՝ ընդ որում ճանապարհի տրամադրումը համարելով կայացած փաստ, քննարկվում են արդեն դետալները։ Դրանով թուրք-ադրբեջանական ևս մի երազանք ու, թերևս, ամենակենտրոնականը, իրականություն է դառնալու։ Սա ամենակենսական հարցն է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար։ Թեպետ ճանապարհների ապաշրջափակման անվան տակ շեշտադրումն արվում է Ադրբեջան-Նախիջևան ուղիղ կապի վրա, բայց ամենամեխայինն այն է, որ Հայաստանի տարածքով ուղիղ կապ է հաստատվում ոչ թե Ադրբեջանի ու Նախիջևանի, այլ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։
Նույնիսկ Իրանը, որը հանդես է գալիս իր սահմանների անփոփոխության հաստատուն դիրքերից, կարծես դուրս է մղվում խաղից, քանի որ իրավաբանորեն Հայաստան-Իրան սահմանը մնում է անփոփոխ, որովհետև տեսականորեն այդ հատվածում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվում։
Սակայն գործնականում կարող է տեղի ունենալ հերթական խայտառակ ու ամենածանր կորուստներից մեկը։
ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը չի բացառել, որ այդ ճանապարհի վերահսկողությունը կարող է հանձնվել մասնավոր ընկերության։ Սա նշանակում է թե՛ խայտառակություն, թե՛ տվյալ տարածքի փաստացի կորուստ։
Ավելի պատկերավոր ասած, մեկ այլ պետությունից մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք, սակայն Հայաստանը գործնականում զրկվում է իր տարածքով իրականացվող մուտքն ու ելքը վերահսկելու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը, մաքսային ծառայությունները դառնում են առ ոչինչ, փոխարենը ինչ-որ մասնավոր կազմակերպություն Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք է բերում վերահսկողական արտոնություններ։ Դրան հավելենք նաև, որ ցանկացած ընկերություն՝ լինի մասնավոր, թե պետական, նմանատիպ վերահսկողություն իրականացնելու ու անվտանգությունն ապահովելու համար անպայման պետք է լինի զինված, ուստի ՀՀ իշխանությունները փաստացի հնարավոր են համարում, որ որևէ զինված միավոր մուտք գործի Հայաստան և գործունեություն ծավալի մեր տարածքում։
Սա ուղղակիորեն նշանակում է ինքնիշխանության կորուստ, ինչը ժամանակի ընթացքում բերելու է տվյալ շրջանների հայաթափմանը։ Դրան հավելենք նաև, որ թեպետ տեսականորեն այդ տարածքը մնալու է ՀՀ ինքնիշխան տարածքում, սակայն վերահսկողության բացակայությունն ինքնաբերաբար դուրս է մղում ինքնիշխան բառը՝ արդյունքում թողնելով միայն տարածքը։ Չի կարող լինել ինքնիշխանություն, եթե չունես այն վերահսկելու և որոշումներ կայացնելու իրավունք։ Դա էլ իր հերթին շատ ուղիղ կհանգեցնի նրան, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեր իսկ տարածքում մեզ վերցնելու են օղակի մեջ։
Սա Հայաստանի իշխանությունների կողմից թերևս ամենամեծ նվերն է Մեծ Թուրանի կազմավորման գործում։
Կարեն Կարապետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում