Շատերը «լուրջ» մարդու համբավ էին ձեռք բերել միայն այն պատճառով, որ ստորաքարշության առիթ չէր ներկայացել
Նմանատիպ
Ցավոք սրտի պարզվում է, որ շատերը ժամանակին ընդդիմադիր էին միայն նրա համար, որ օրվա իշխանությունների կողմից չէին ստանում անհրաժեշտ կերը, ընդ որում, պարտադիր չէր, որ այն լինել միլիոնների տեսքով։ Բավական էր օրինակ որևէ մեկի եղբորորդուն տեղավորել գյուղապետարանում աշխատանքի, կամ քրոջ աղջկան դպրոցում ուսմասվար, տվյալ «ընդդիմադրի» պատկերացումները Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ 180 աստիճան կփոխվեին։
Բացի այդ, ժամանակին լրատվական ու տեղեկատվական ոչ բավարար գործիքակազմի պատճառով, կարծում եմ ոմանք ձեռք են բերել անուն, ինչին իրավամբ արժանի չեն։
Կրկին իշխանությունների թելադրմամբ, շրջանառվում է այն վարկածը, սակայն այս անգամ ոչ միայն իշխանամերձ տարբեր քաղաքագետների, այլև այնպիսի մարդկանց կողմից, որոնք իբր ժամանակին ներդրում են ունեցել անկախության պայքարում ու արցախյան պատերազմում, որ Արցախն ուներ բավականաչափ զենք և կարող էր պատերազմել մինչև վերջ, այդկերպ խուսափելով հայաթափումից։
Նման մոտեցումը ոչ միայն քաղաքական տեսանկյունից տհասություն է, այլև հերթական ճղճիմ քայլն է ՀՀ իշխանությունների դավաճանությունը մաքրելու ու մեղքն արցախցիների վրա բարդելու, ինչպես նաև փորձ՝ արցախցիների նկատմամբ ատելության նոր չափաբաժին սերմանելու։
Այս տհասությունը գեներացնողներին հավելյալ անգամ պետք է հիշեցնել, որ Արցախը կռվել է մինչև վերջ, աննահանջ, մինչև այն վայրկյանը, երբ արդեն կանգնած էր տառացիորեն ցեղասպանության եզրին, երբ մինչև վերջին մարդը, ծերերով ու երեխաներով զոհվելը ոչ թե սոսկ վտանգ էր, այլ դարձել էր հստակ, շոշափելի իրականություն։
Անհավասար պատերազմն ընթանում էր Արցախի լիարժեք շրջափակման պայմաններում, միջազգային հանրության լռության ներքո, լքված ու դավաճանված լինելով Հայաստանի կողմից, որը պաշտոնապես հանդիսանում էր Արցախի անվտանգության երաշխավորը։
Այդ օրերին Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանությունն այնքան ցցուն էր, որ գովասանքի արժանացավ նույնիսկ Ալիևի կողմից, որը Հայաստանի իշխանությունների կողմից իրենց քույրերին ու եղբայրներին լքելու փաստը գնահատեց ոպես կառուցողական մոտեցում։
Այդ տհասությունը գեներացնողները, թող նայեն այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ելույթները, որոնցում նա հայտարարում էր, որ Հայաստանը չի միջամտի Արցախում տեղի ունեցող ողբերգությանը, թող նայեն տարբեր ՔՊ-ականների հարզացրույցները տարբեր լրատվամիջոցներին, որտեղ նրանք բաց տեքստով նշում էին, որ Հայաստանը չի երաշխավորի Արցախի անվտանգությունը։
Փառք Աստծո, հիմա 21-րդ դարն է, բոլորի ելույթները պահպանված են, այլևս չի կարող որևէ մեկը գրել սեփական կենսագրություն իր հայեցողությամբ, իրեն ներկայացնել ռազմի Աստված, սակայն պարզվի, որ իրականում նա ոչինչ է, ոչնչություն, որովհետև միայն ոչնչությունը կարող է Երևանում տանը նստած, մեղադրել ցեղասպանության ոչ թե պարզապես եզրին կանգնած, այլ ցեղասպանություն ապրող, զոհվող, բայց միաժամանակ մարտնչող ու Մայր Հայաստանից օգնություն սպասող մարդկանց։
Իշխանական տհասությունը գեներացնողները, թող լավ հինեն, որ ոչ ոք, ոչ ոքի պարտավոր չէ հարգել ընդամենն անցյալի համար։ Միայն անցյալի համար հարգում են հանգուցյալներին, որովհետև հանգուցյալների կյանքն արդեն ավարտված է ու գնահատականը կարող է լինել ամբողջական, իսկ այն մարդը, որը դեռևս ապրում է, յուրաքանչյուր օրն ու ժամը պետք է ապացուցի, որ արժանի է հարգանքի։
Այնպես որ եթե դուք անցյալում արել եք ինչ-որ բաներ, կամ համենայն դեպս ներկայացնում եք, որ արել եք, հարգեք գոնե ձեր անցյալը, կամ ձեր կողմից ներկայացվածը, մնացեք այն կերպարում, որը կերտել եք ձեզ համար ու հանուն մի փոր հացի, մի ուրացեք, մի մեղադրեք, մի դատապարտեք ձեր քույրերին ու եղբայրներին։ Այն մարդը, որ հանուն ստամոքսի ուրանում է իր հայրենիքն ու ազգը, նա կուրանա նաև իր ընտանիքը։
Կարեն Կարապետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում