Ցանկացած միջամտություն տարածաշրջանում՝ կլինի Թուրքիայից, Ադրբեջանից, թե Ռուսաստանից, կհանդիպի Իրանի կողմից հստակ դիմակայության․ ԻՀՊԿ
Նմանատիպ
Վերջին շաբաթներին կրկին ակտիվացել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ հակասությունները, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են կառուցել հարավային Հայաստանով՝ Նախիջևանն Ադրբեջանին կապելու նպատակով: Այդ ծրագիրը առանձնապես մտահոգում է Իրանին, քանի որ այն սպառնում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տանող միակ ցամաքային ճանապարհին․ այսպես է սկսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքում արված գրառումը։
«Այաթոլլահ Խամենեին այս հարցում հստակ դիրքորոշում է արտահայտել դեռևս 2021 թվականին՝ պարզ ասելով, որ Իրանը թույլ չի տալու տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որը սպառնում է նրա աշխարհաքաղաքական շահերին և Կովկասի կայունությանը։ Նրա խոսքերը հնչել են որպես նախազգուշացում Թուրքիային, Ադրբեջանին և նրանց դաշնակիցներին և որ տարածաշրջանում հավասարակշռության ցանկացած խախտում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որպես Իրանի առանցքային դերակատարում ունեցող ուժերից մեկը, այդ ժամանակվանից սկսած՝ ուժեղացրել է իր ներկայությունը հյուսիսարևմտյան սահմաններում՝ անցկացնելով զորավարժություններ և ցուցադրելով երկրի ազգային շահերը պաշտպանելու իր պատրաստակամությունը: Իրանի համար այս նախագիծը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլև՝ սպառնալիք իր ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը։
Բացի այդ, Իրանին մտահոգել են ռուս որոշ պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք Զանգեզուրի միջանցքի ստեղծման գաղափարին աջակցող հայտարարություններ էին։ Չնայած Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերությանը, Թեհրանը բազմիցս է ընդգծել, որ Իրանի տարածքային ամբողջականության և սահմանների պահպանությունը առաջնահերթություն է մնում։
Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման գաղափարին վերջերս արտահայտած իր աջակցությունը հակասում է Իրանի հետ բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին։ Քանի որ Ուկրաինայի հետ պատերազմը շարունակում է զգալի ռեսուրսներ խլել Մոսկվայից, Իրանը հիշեցրել է Ռուսաստանին, որ իրենց երկկողմ հարաբերությունները չպետք է հիմնված լինեն միակողմանի շահերի վրա:
Եզրափակելով ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Այաթոլլահ Խամենեին հաստատակամ են իրենց դիրքորոշման մեջ և ցանկացած միջամտություն տարածաշրջանում՝ անկախ նրանից՝ կլինի Թուրքիայից, Ադրբեջանից, թե Ռուսաստանից, կհանդիպի Իրանի կողմից հստակ դիմակայության՝ դիվանագիտական և ռազմական մակարդակներում»,- գրված է կորպուսի տելեգրամյան ալիքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում