Բագրատ Սրբազան. Մենք կոչված ենք փոփոխության
Նմանատիպ
Երևանում այսօր տեղի է ունեցել Սրբազան պայքարի կողմից կազմակերպված՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով համաժողովը, որի շրջանակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես է եկել ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին վերաբերող բացման խոսքով։ Ներկայացնում ենք Սրբազան Հոր ելույթն ամբողջությամբ.
«Նախ ուզում եմ գնահատանքով և շնորհակալությամբ անդրադառնալ, որ այսպիսի քննարկում եք նախաձեռնել։ Մեր ուղերձը ոչ միայն ներքին լսարանի համար է, այլև՝ արտաքին, որովհետև մեր կյանքն ու այսօրվա ուղղությունը՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով, նաև մեր ամենակարևոր սկզբունքներից մեկն է։
Մենք կոչված ենք փոփոխության՝ փոփոխության բոլոր առումներով և շերտերով՝ մեր պետության, մեր հայրենիքի, մեր պատվի և արժանապատվության, ինչպես նաև անխուսափելի հաղթանակների համար, կայուն և երկարաժամկետ խաղաղության համար:
Այս ուղերձը երկու կարևոր տիրույթներում է․ առաջինը մեր ներքին կյանքն է։
Միանշանակ է, որ առանց ներքին կյանքի բարելավման և հզորացման, չեն կարող արտաքին հարաբերությունները որևէ մակարդակի վրա լինել։ Հետևաբար, մեր կյանքում պետք է վերացվեն այսօրվա իշխանությունների կողմից հանրության ներսում ստեղծված, աճեցված, մեր պետության, հասարակության, ինչպես նաև Սփյուռքի դիմադրողականությունը քայքայած և քայքայող բոլոր բաժանարար գծերը։
Մենք կարող ենք և պե՛տք է վերականգնենք ներքին հաշտությունը, որը եղել է Սրբազան պայքարի ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Մեզ անհրաժեշտ է բաց աչքերով, սթափ, մաքուր մտքով նայել ապագային՝ հենց վաղվանից ու հավատալ մեր ներքին ուժականությանը։
Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես դադարեն։
Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում։ Ի դեպ, ավելի նախկին, քան ներկա իշխանությունը, գոյություն չունի։
Պետք է մեր կյանքից ուղղակիորեն վերացվեն սոցիալական անարադարության որևէ բաղադրիչ։ Օրենքի առաջ բոլորի հավասարությունը Հայաստանում կարող են և պե՛տք է դառնան լիարժեք իրականություն, մեր կյանքի բնականոն բաղկացուցիչը։ Մեր երկրում հարաբերությունները պետք է զարգանան ոչ թե ում ճանաչելու կամ ինչ ունենալու արատավոր սկզբունքով, այլ՝ ով լինելու արժեքով։
Մեր պետության մեջ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, փտախտի (կոռուպցիայի) դեմ պայքարը կարող են և պե՛տք է դառնան իրականություն՝ իրական իրականություն։
Հայաստանում բացառված պետք է լինի քաղբանտարկյալների գոյությունը։
Հայաստանի իշխանություններն արել և անում են գործողություններ, որով ավերել են մեր պետության հիմքերն ու սահմանադրական կարգը։ Գոյություն ունեն շատ լուրջ խնդիրներ՝ կապված այս իշխանությունների լեգիտիմության հետ, որոնք օր օրի էլ ավելի են ավելանում և ավելացնում են մարտահրավերները, երկիրը տանում չավարտվող պարտության։ Շեշտադրում եմ՝ Հայաստանում սահմանադրական կարգը պե՛տք է վերականգնվի, Հայաստանըի Հանրապետությունը պե՛տք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը կարող է հանդես գալ երկրի ազգային և պետական շահերի պաշտպանության և առաջմղման դիրքերից։
Մեր խոսքն ուղղված է նաև արտաքին հարաբերություններին և այդ տիրույթում է․
Ինչպես բազմիցս նշել ենք՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին: «Վստահելին» ու «կանխատեսելին» բանալի բառեր են։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով:
ՀՀ-ն պետք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, առկա բոլոր խնդիրների՝ բանակցային ու գործընկերային ճանապարհով լուծմանը։ Միաժամանակ՝ պատրաստակամ լինելով ձևավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ՝ դրանում մեծ դերակատարություն տալով նաև սփյուռքյան նեուժեին։
Մենք կայուն և երկարաժամկետ խաղաղության դրոշակակիրը պետք է դառնանք։ Կրկնում եմ՝ երկարաժամկետ և կայուն։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը լինի իրական և սերունդներին փոխանցելի, այդուհանդերձ՝ նաև սերունդներին պատրաստելով ապագայի անորոշություններին դիմակայելու։ Վստահ ենք նաև, որ մեր ժողովուրդը, ինչպես որևէ ժողովուրդ՝ կլինի մեր հարևանությամբ, տարածաշրջանում կամ աշխարհի որևէ անկյունում, պատերազմ երբեք չի ցանկանում։
Կայուն խաղաղությունը, սակայն, ձեռք չի՛ բերվում արդարության սկզբունքները ոտնահարելով։ Մենք միամիտ չենք նաև կարծելու, թե աշխարհն առաջնորդվում է արդարության սկզբունքով։ Կայուն խաղաղությունը ձեռք չի՛ բերվում կարմիր գծեր չունենալով, ամեն գնով խաղաղության կեղծ թեզերով և դրա պատճառով անընդհատ պատերազմ և ավեր բերելով, սեփական ժողովրդին վախեցնելով պատերազմի տևական սպառնալիքով, միակողմանի, անվերջ զիջումներով, հարկադրանքով, դիմացինների ախորժակը գրգռելով. սրանք բոլորը նոր պատերազմի հիմքեր են։
Իրական բանակցություններով, օրինական շահերը հաշվի առնող երկխոսությամբ, արդարության սկզբունքը հիմքում ունենալով և փոխադարձ հարգանքով է կառուցվում և ամրապնդվում կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ բոլորիս այդքան անհրաժեշտ և ցանկալի ՛ճանապարհը։ Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է կառուցենք այդ ճանապարհը, մենք կարո՛ղ ենք և պե՛տք է պատրաստ լինենք պաշտպանելու արդար և իրական խաղաղությունը, որում բացի դիվանագիտական և բանակցային գործընթացներից և հմտություններից, կարևորագույն դերակատարություն ունի նաև հայոց բանակը՝ որպես ոչ միայն ՀՀ և հայության, այլև տարածաշրջանի անվտանգության երաշխավոր։
Ադրբեջանում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունք ունենան իրենց և մեր բոլորի բնօրրանը, արցախյան խնդիրը պետք է լինի բանակցային օրակարգում։ Իրական և արդարացի լուծումները մեծագույն երաշխիքն են կայուն և երկարաժամկետ խաղաղության։ Բայց այս ամենի համար պետք է լինեն իրական բանակցային գործընթացներ։
Ամփոփելով իմ խոսքը՝ ցանկանում եմ վերստին վստահեցնել, որ մենք լծված ենք այս բոլորն իրականացնելուն։ Այս բոլորը հիմքն են մեր պետության, մեր հայրենիքի արժանապատիվ կյանքի և վստահաբար՝ նաև գալիք հաղթանակների։
Աստված զորացնի բոլորիդ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում