Ադրբեջանցի ակտիվիստները կրկին թակում են Արևմուտքի դռները

Մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ դիմել են Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին և կազմակերպության անդամ պետություններին` կոչ անելով վճռական քայլերի դիմել` կապված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

35 ակտիվիստի կողմից ստորագրված դիմում նշվում է, որ Յագլանդի նախաձեռնությամբ Ադրբեջանում մարդու իրավունքների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը բաղկացած է գերազանցապես պաշտոնյաներից, մեջլիսի անդամներից և իշխանամետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Բացի այդ, երկրում մի քանի տասնյակ քաղբանտարկյալների հարցը դուրս է մնացել այդ խմբի ուսումնասիրությունների շրջանակից: Ավելին, խմբում տեղ են գտել երկու պատգամավոր` Սամեդ Սեիդովը և Ալի Հուսեյնլին, ովքեր բացահայտորեն հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը:

Դիմումը ներկայացրած ակտիվիստները նշել են, որ քաղբանտարկյալների շրջանում անցկացված ոչ պաշտոնական հարցման ժամանակ աշխատանքային խմբի անդամների 90 տոկոսը որակվել են որպես ոչ օբյեկտիվ անձինք:

ԵԽ գլխավոր քարտուղարին և ԵԽԽՎ նախագահին ներկայացված դիմումի տակ ստորագրել են նաև տասը քաղբանտարկյալ` այդ թվում և Իլգար Մամեդովը, Թոֆիգ Յագուբլուն, Լեյլա Յունուսը, Ինթիգամ Ալիևը:

«ԵԽ-ն և դրա անդամ-պետությունները չպետք է անտարբեր լինեն նման իրավիճակի նկատմամբ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը հնչեցնում է անհանգստության զանգը: Եվրոպայի խորհուրդը պետք է պատասխանի այս կոչին»,- ասվում է դիմումի եզրափակիչ հատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում