Կառուցապատումը Երևանում դանդաղելու է, մնալու են խոշոր խաղացողները․ Գրիգորյան
Նմանատիպ
Անշարժ գույքի առաջնային շուկայում մինչև տարեվերջ ակտիվությունն ավելանալու է։ Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այսօր նման կարծիք է հայտնել «Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիա»-ի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանը։ Ակտիվությունը, ըստ նրա, պայմանավորված կլինի նրանով, որ Երևանում եկամտահարկի հետ վերադարձի մասին օրենքը գործելու է մինչև ընթացիկ տարվա վերջ։
«Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել եկամտահարկի հետվերադարձի հնարավորություններից, պետք է շտապեն, քանի որ բանկի ձևակերպումներն ավելի քան 20 օր տևում են»,-ասաց Մնացականյանը։
Ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Հարությունյանն էլ հավելեց՝ շատերը հասկանում են, որ քիչ ժամանակ է մնացել, բայց ցանկանում են անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել, ուստի օգոստոսի վերջից ու սեպտեմբերի սկզբին նկատվում է որոշակի ակտիվացում։
Ստեղծված պայմաններում անշարժ գույքի գների նվազում, այնուամենայնիվ, չի սպասվում։
«Հնարավոր է կարճաժամկետ գնային որոշակի փոփոխություն լինի, բայց երկարաժամկետ կտրվածքով էական նվազում չեմ կարծում, թե լինի։ Կառուցապատումը Երևանում դանդաղելու է, մնալու են խոշոր խաղացողները, հետևաբար շուկայում առաջարկը նվազելու է։ Իսկ քանի որ Երևանում բնակարան ձեռք բերելու պահանջարկը մնալու է բարձր, իսկ առաջարկը քիչ է լինելու, հետևաբար գները չեն նվազելու»,-ասաց խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանը։
Մասնագետների գնահատմամբ՝ անշարժ գույքի առաջնային շուկայում ակտիվություն նկատվում է նաև մարզերում։ Մարզային քաղաքներում բնակֆոնդի խնդիր կա․ անգամ վարձակալությամբ բնակարան գտնելը բավականին բարդացել է, ինչը ևս նպաստում է, որ նորակառույցների պահանջարկն ավելանա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում