Հայ հոգևորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել

Հայ հոգևորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Հռոմից Լիբանան է փոխադրվել 20-րդ դարի նշանավոր հոգևորական, Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (1937-1962թթ.) Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի մարմինը: Այս մասին հայտնում է Արևելք պարբերականը։


Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված մարմինը, որն ամփոփվելու է Բեյրութի Սուրբ Եղիա եկեղեցու բակի նորակառույց շիրմատանը:

Լիբանանի քրիստոնյաները (ոչ միայն հայ) անհամբերությամբ սպասում են տեղի ունենալիք կրոնական այն արարողություններին:

Գրիգոր Պետրոս Աղաջանյանի վերահուղարկավորման համար Լիբանան են ժամանել մեծ թվով ուխտավորներ:

Ըստ ականատեսների՝ վախճանվելուց 53 տարի հետո կարդինալի մարմինը մնացել է նույն վիճակում՝ չքայքայված, ինչը կարևոր նախադրյալ է երանացման և սրբադասման համար:

2020 թվականին Հռոմի Պապը, հաշվի առնելով կարդինալ Աղաջանյանի՝ տարիների ընթացքում աճող սրբության համբավն ու հայ կաթողիկե բարձրաստիճան հոգեւորականների դիմումը՝ որոշում է կայացրել ընթացք տալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանի երանացման և ապա՝ սրբադասման դատին:

Հռոմի Սրբադասման հանձնաժողովն այս տարվա փետրվարի 23-ին ավարտել է կարդինալ Աղաջանյանի մարմնի կանոնական հետաքննությունը, հաստատել դրա վավերականությունը, ինչպես նաև՝ լավ պահպանված վիճակը, ինչը կարևոր քայլ է երանացման և սրբադասման դատի հաջողության համար:

Հայ կարդինալը հուղարկավորված էր Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցու՝ Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված կողմնակի մատռան դամբանում և Լիբանան է փոխադրվել իր կտակի համաձայն:

Կարդինալ Աղաջանյանը սրբադասման է արժանանալու իր գործունեության համար, որը միտված էր խաղաղության տարածմանը, ինչպես նաև այն անսահման սիրո համար, որ նա վայելել է հազարավոր հավատացյալների կողմից՝ համաշխարհային մակարդակով:

1960-70-ին նա գլխավորել է Վատիկանի Հավատի տարածման միաբանությունը, ջանացել ընդլայնել կաթոլիկության ազդեցությունը տարբեր երկրներում՝ հատկապես «Երրորդ աշխարհ»-ում, որտեղ փորձել է կազմակերպել կաթոլիկ նոր թեմեր ու դպրոցներ։

Նա համարվում է «կարմիր զգեստով խաղաղության առաքյալ», որ իր համեստության պատճառով հրաժարվել է Հռոմի Պապի աթոռից. ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, նա Հռոմի Պապ է ընտրվել 1963-ի քահանայապետական գաղտնի ընտրաժողովի ժամանակ (Պապության է առաջադրվել երկու անգամ): Նրա եպիսկոպոսական նշանաբանը եղել է «Արդարություն եւ խաղաղություն» (Lustitia et Pax):

1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալի գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ եւ հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի եւ նահատակների արյունը»։

Գրիգոր Պետրոս Աղաջանյանը (իսկական անունը՝ Ղազարոս) ծնվել է 1895 թվականի սեպտեմբերի 18-ին, Ախալցխայում։ Սովորել է Հռոմի կաթոլիկ հաստատություններում, ստացել աստվածաբանի, փիլիսոփայի եւ իրավաբանի վկայագրեր։ 1917-ին ձեռնադրվել է քահանա։ 1919-21-ին եղել է Թբիլիսիի հայ կաթոլիկների առաջնորդը, 1921-32-ին՝ Հռոմի հայ կաթոլիկական Լեւոնյան վարժարանում դասատու էր, պրոռեկտոր, 1932-ից՝ ռեկտոր։ 1937-ին ընտրվել է կաթոլիկ հայերի պատրիարք՝ ընդունելով Գրիգոր–Պետրոս XV անունը։ 1946-ից կարդինալ էր: Վախճանվել է 1971 թվականին, Վատիկանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում