Ռուսաստանին հեռահար զենքով հարվածելը նշանակում է ՆԱՏՕ-ի ուղիղ բախում ՌԴ-ի հետ․ Պուտին

Ռուսաստանին հեռահար զենքով հարվածելը նշանակում է ՆԱՏՕ-ի ուղիղ բախում ՌԴ-ի հետ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցի ժամանակ հասկացությունների նենգափոխում է անվանել ԱՄՆ-ում և ԵՄ-ում շրջանառվող քննարկումներն այն մասին, որ թույլ տան Ուկրաինային օգտագործել բարձր ճշգրտության արևմտյան զենք՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար։

«Տեղի է ունենում հասկացությունների նենգափոխման փորձ։ Խոսքը չի վերաբերում Կիևին ռուսական տարածքին հարվածներ հասցնելու թույլտվությանը կամ արգելքին։ Նա առանց այդ էլ հասցնում է այդ հարվածները անօդաչու թռչող սարքերի և այլ միջոցներով։ Բայց երբ խոսքը գնում է արևմտյան արտադրության բարձր ճշգրտության հեռահար զենքի օգտագործման մասին, դա բոլորովին այլ պատմություն է», – ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը նշել է, որ Ուկրաինան, առանց Արևմուտքի օգնության, ի վիճակի չէ հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, դրա համար նրան անհրաժեշտ են արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներ։

«Սակայն ես արդեն ասել եմ այդ մասին, և ցանկացած փորձագետ դա կհաստատի, թե՛ մեզ մոտ, թե՛ Արեւմուտքում, որ ուկրաինական բանակն ի վիճակի չէ հարվածներ հասցնելու Ռուսաստանին արևմտյան արտադրության մեծ հեռահարության ժամանակակից բարձր ճշգրտության համակարգերով։ Դա հնարավոր է միայն արբանյակների հետախուզական տվյալների օգտագործմամբ, որոնք Ուկրաինան չունի։ Այդ տվյալները ստացվում են միայն Եվրոպայի կամ ԱՄՆ-ի, իսկ ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի արբանյակներից, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ ՆԱՏՕ-ն ուղիղ մասնակցություն է ունենալու ռուս-ուկրաինական հակամարտությունում»,- հավելել է Պուտինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում