Արցախի թեմը վկայականներ կհանձնի պսակադրված արցախցի զույգերին
Նմանատիպ
Արցախի թեմը պսակադրություններից ու մկրտություններից հետո արցախցիներին կտրամադրի վկայականներ։ Այդ մասին Արցախի հեռուստատեսության եթերում ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանը։
«Մեզ համար պարտադիր է, որ Սուրբ եկեղեցու կանոններով մկրտված և ամուսնացած արցախցին ստանա վկայական»,- ասել է Արցախի թեմի առաջնորդը։
Հիշեցնենք, որ Արցախի ամբողջական բռնազավթումից ու հայաթափումից հետո Երևանում բացվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գրասենյակը։ Որոշ ժամանակ անց էլ իր գործունեությունն է վերսկսել Արցախի հանրային հեռուստատեսությունը։ Այդ մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում։
«Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը՝ թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ»,-գրել էր նա։
Արցախ TV-ն Արցախի հանրայինի լրագրողների ջանքերով ստեղծված «10-րդ նահանգ» լրագրողական ՀԿ-ի առաջին ծրագիրն է․ այն դեռևս եթեր է հեռարձակվում սոցցանցերում` «Ֆեյսբուք», «Յութուբ», «Տելեգրամ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում