Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Թվում է թե, արդեն ականատես ենք եղել ամեն բանի, բայց ՔՊ-ի իշխանության օրոք նրանք չեն դադարում օրեցօր զարմացնել՝ ամեն ինչ մոռացության տալու իրենց անհագ ցանկությամբ։ Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, լրացավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի երկրորդ տարին:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսեցին ինտենսիվ կրակ արձակել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը երկօրյա մարտերի ընթացքում հաջողեց, անգամ որոշ ուղղություններով էլ ձեռնարկեց դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հակառակորդը ռազմական ագրեսիայի արդյունքում դիրքային առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։
Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքները մնում են օկուպացված, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության գնալու անհագ ցանկությամբ տոգորված հայրենի իշխանություններին այդպես էլ չի հաջողվում Հայաստանի ինքնիշխան տարածքից հեռացնել հակառակորդի զորքերը։
Ավելին՝ Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների ցուցակը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։ Երեկ՝ սեպտեմբերյան երկօրյա մարտերի զոհերի հիշատակի օրը, որեւէ պաշտոնյա չի այցելել եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու. համենայնդեպս ոչ մի պետական կառույց այդ մասին հաղորդագրություն չի տարածել, ինչպես սովորաբար լինում է: Նիկոլ Փաշինյանն անգամ հարկ չի համարել օրվա կապակցությամբ հիշատակի խոսք ուղղել հանրությանը, որին «սիրում եւ որով հպարտանում էր», ընդհուպ՝ «խոնարհվում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում