ՀՀ մոտ երկու տասնյակ դպրոցներում խորացված ֆրանսերեն կանցնեն
Նմանատիպ
Հայաստանի մարզերի և Երևանի 19 դպրոցներում ֆրանսերենն ավելի խորացված կուսուցանվի։ Այս մասին հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյինը։
«Հանրակրթության նոր չափորոշիչներով մենք խնդիր ենք դրել բարելավելու օտար լեզուների իմացությունը մեր դպրոցներում։ Այս ծրագրի շրջանակում Հայաստանի դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և նյութեր։ Ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ ևս մեծ աշխատանքներ են տարվելու»,– ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նախարարի խոսքով` կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների և հավելյալ դպրոցներ ընդգրկելու հնարավորությունը։ Նրա համոզմամբ՝ ծրագիրը ոգևորություն կառաջացնի դպրոցականների շրջանում, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ 19 դպրոցներից բացի, նոր ուսումնական հաստատություններ ևս ընդգրկվեն ծրագրում։
Դեսպան Օլիվիե Դըկոնտինյինն էլ հավելել է․ «Ֆրանսիայի կառավարությունն այս նախագծի շրջանակում պատրաստվում է 600 000 եվրո ներդնել, որպեսզի ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացվի»։
Նրա խոսքով` ծրագրով առաջին հերթին աջակցելու են ֆրանսերենի ուսուցիչներին, որոնց հետ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել ՀՀ տարբեր քաղաքներում և գյուղերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում