Դատախազությունը պահանջում է բեկանել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը
Նմանատիպ
Դատախազությունը պահանջում է բեկանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի», և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի արդարացման դատական ակտը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Հակակոռուպցիոն վերքաննիչ դատարան։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մայիսի 31-ին հրապարակել է Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը։ Ի դեպ, այս վճռից հետո դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, օրակարգում՝ դատավորի լիազորությունների դադարեցման հարցն է։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում