Անշարժ գույքի հայկական շուկան կներկայացվի արտաքին ներդրողներին
Նմանատիպ
Երևանում տեղի կունենա Armenian Real Estate Globalization Summit համաժողովը։ Միջոցառման մասին Ալեքսանդ հյուրանոցում ազդարարել են Big Projects ընկերության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի ղեկավարները:
Ինչպես հայտնում է estatenews․am-ը, համաժողովը տեղի կունենա անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO 2024-ի շրջանակում՝ հոկտեմբերի 25-26-ը՝ Երևանում։ Այն նպատակ ունի դառնալու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առանցքային իրադարձությունը Հայաստանում։
Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Big Projects ընկերությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան և Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան համատեղ ուժերով համաժողովը կազմակերպելու և համաժողովի միջոցով իրենց առջև դրված խնդիրները լուծելու մտադրության մասին եռակողմ համատեղ հռչակագիր են ստորագրել:
Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։ Համաժողովը կլուսաբանի կարևոր թեմաներ՝ սկսած միջազգային ներդրումներից մինչև քաղաքաշինական նորարարությունները:
Համաժողովի կազմակերպիչները նշում են, որ Armenian Real Estate Globalization Summit 2024 առաքելությունն է ՀՀ անշարժ գույքի շուկան միջազգային ստանդարտներին մոտեցնելը և՛ կառուցապատման, և՛ ծառայությունների մատուցման ու հարակից ոլորտներում՝ այն դարձնելով ավելի գրավիչ միջազգային ներդրումների համար:
Համաժողովի նպատակն է զարգացնել և ամրապնդել միջազգային կապերը, նպաստել խոշոր կառուցապատման նախագծերին և ստեղծել նոր հնարավորություններ՝ հայաստանյան անշարժ գույքի շուկայի համաշխարհային մակարդակում դիրքավորելու համար, ինչպես նաև նպաստել պետություն-մասնավոր երկխոսությանը: Առաջատար հայ և միջազգային կառուցապատողներ, ճարտարապետներ և ոլորտի փորձագետներ կներկայացնեն իրենց փորձը՝ շեշտը դնելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, բնապահպանական ստանդարտների և արդյունավետ կառավարման մեթոդների վրա:
Այս բացառիկ միջոցառումը նպատակ ունի համախմբել տեղական և միջազգային ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և պետական ներկայացուցիչներին՝ քննարկելու հայաստանյան անշարժ գույքի շուկայի գլոբալացման հնարավորությունները, զարգացումները և մարտահրավերները։
Միջոցառումը կընթանա 2 օր՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսի՝ TOON EXPO 2024-ի շրջանակում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում