Աշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոմիտասի շուկայի փակման վերաբերյալ տեղեկատվական հրաբուխը կարծես թե հանգել էր, սակայն առաջիկայում նոր ժայթքումներ են սպասվելու։
Ինչից սկսվեց Կոմիտասի շուկան օտարելու գործընթացը․
2024 թվականի մարտին նախորդ դարից ստեղծված Կոմիտասի շուկայի աշխատակիցներին հայտնեցին գույժը․ պետք է ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում էին հայտնվել, չգիտեին ինչ անել, ուր գնալ։
Հաջորդեց անհնազանդության, բողոքի մեծ ալիք։ Կոմիտասի շուկայում որոշ վաճառողներ ապրանքը վաճառում են արդեն 30-40 տարի, տարածքին սովորել են, ունեն իրենց մշտական հաճախորդները։
Նրանք փորձել են սեփականատիրոջից պարզել, թե ինչն է խնդիրը, ինչու պետք է լքեն տարածքը այսքան տարիներ անց, սակայն տնօրենությունը լռության է մատնել վաճառողների հարցերը։
Կոմիտասի շուկայում շուրջ 70 վաճառող կա: Նրանց մի մասը գյուղից են բերում իրենց ապրանքը և վաճառում, մի մասն էլ վերավաճառողներ են։ 70 անձ՝ այս շուկայում առևտուր անելով է պահում իր ընտանիքը, սակայն իշխանությունը նրանց առանց եկամտի է թողնում:
Չբավարարվելով գյուղատնտեսության ոլորտը կոլապսի բերելով՝ իշխանությունը նախ հարձակվեց փողոցային առևտրով զբաղվողների վրա, ապա ներխուժեց շուկաներ։
Ստացված լուրերից հետո բողոքի ակցիաներ իրականացվեցին, որից հետո մամուլը գրեց, որ Կոմիտասի շուկան գնել է GTB Holding-ը, որը նաև կառուցում է Արարատի մարզի մետաղագործական գործարանը։
Իրավիճակը կարծես թե «լռել» էր, բայց վաճառողների ձեռքը զարկերակին է. ևս մեկ քայլ՝ ընդդեմ Կոմիտասի շուկայի, և բողոքի ակցիան ու անհնազանդությունը կրկին կհյուրընկալվեն Երևանի փողոցներ։
Աշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. առջևում գուցե տհաճ անակնկալներ լինեն։
Հաջորդիվ կներկայացնենք քաղաքաշինական և ճարտարապետական հնարավոր աղճատումները, որոնք սպասվում են նոր սեփականատիրոջ պայմաններում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում