ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բացահայտ հանցանք որակված գործին, որն անմիջական առնչություն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այդպես էլ պատշաճ պատասխան չեն տալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերին ավելի շատ է լինում, քան տիրապետում է սեփական ոլորտի խնդիրներին։ ԿԳՄՍՆ-ից ստացանք հետեւյալ պատասխանը.
«Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը իր իրավասությունների եւ ակադեմիական ազատությունների շրջանակում ինքնուրույն է ուսումնական գործընթացի (այդ թվում նաեւ նրա անբաժանելի մասը կազմող պրակտիկաների) կազմակերպման եւ սովորողների ընթացիկ ատեստավորման ձեւերի, կարգի եւ պարբերականության ընտրության հարցերում: Բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ուսանողների պրակտիկան կազմակերպվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգի համաձայն: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ Ձեր հարցումն ուղղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն՝ որպես հայցվող տեղեկատվության տնօրինողի», – ասված էր գրությունում։
Հետաքրքիրն այն է, որ հենց հարցման մեջ նշել էինք, որ ԳԱԱ-ին եւս դիմել էինք խնդրի վերաբերյալ, սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում էր ուղարկել, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են:
ԳԱԱ-ի համար անձնական տվյալ է, ԿԳՄՍՆ-ի համար՝ անհասանելի. իսկ կրթությունը մեր բոլորի աչքի առջեւ հեղինակազրկվում է, պղծվում՝ դառնալով անիմաստ ժամանակի կորուստ: Հարցական է՝ բացի դպրոցների դասապրոցեսը, դասագրքային ոլորտը «պայթեցնելուց», Ժաննա Անդրեասյանի ղեկավարած հաստատությունը որեւէ այլ բանով զբաղվո՞ւմ է։
«Նախկինների» օրոք, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, գիրք էր հեղինակում, թեկնածուական պաշտպանում, քննադատվում էր (որ լավ փնտրենք՝ Ժաննա Անդրեասյանն ու իր ամուսինն էլ ծաղրած կլինեն այդ փաստը), հիմա ինչպե՞ս է թույլ տալիս՝ իր նախարար եղած տարիներին պետական պաշտոնյաները պղծեն կրթական համակարգը: Մարդ, որ տարրական գրագիտության պրոբլեմ ունի, ազգային ակադեմիա է ավարտում, իսկ կրթության պատասխանատուն խոր անտարբերության մեջ է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում