Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու ասել, թե իր շնորհիվ մեր տարածաշրջանում այսօր լավատեսություն է նկատվում, եւ «ապագա կա»: «Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը` ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը ․․․ Պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը եւ աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»,- հայտարարել է նա:
Փաշինյանի «զեմլյակ» Վահե Ղալումյանն արտառոց չի համարում, որ Փաշինյանը մեր խնդիրների փոխարեն կարգախոս է առաջ քաշել ողջ աշխարհի համար, նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հարթակն այն հարթակը չէր, որտեղ պետք է մեր խնդիրներին անդրադառնար, բայց Հայաստանն իրավական հիմք ունեցող իր պահանջներից չի հրաժարվել: ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց․ «Ֆորումի տրամաբանությունն էր այդպիսին՝ աշխարհի ապագայի մասով․ «Առհասարակ՝ երկրի ղեկավարները պետք է միշտ լավատես լինեն, իհարկե, խնդիրներ կան, բայց ժողովրդին լավատեսություն փոխանցելը շատ կարեւոր է, բոլորը չէ, որ գիտեն աշխարհաքաղաքական խնդիրների մասին, պարզ, հասարակ գյուղացի են, պետք է լավատեսություն փոխանցել»: Բայց կարող էր, չէ՞, գոնե Բաքվում պահվող պատանդների հարցը բարձրացնել։ «Ֆորմատներ կան, երբ դրանցից շեղվում ես, խոսքդ չի լսվում»,- ասաց Բագրատյանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում