Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի. ՀՀ ՍԴ
Նմանատիպ
ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Այդ մասին պարզ դարձավ այսօր, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։
«Սահմանադրական դատարանի այս որոշումը խայտառակ որոշում է, որովհետև ՍԴ-ն, ըստ էության, հայտարարում է, որ Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները 1995թ․ հուլիսի 13-ից սկսած որևէ նշանակություն, իրավական ուժ չունեն։ Սա արտառոց է և միանշանակ քաղաքական պատվերի իրականացում է, որովհետև սրանով Հայաստանի քաղաքական իշխանությունը, իսկ ՍԴ-ն դրա կցորդն է, հավաստում է Ադրբեջանին, որ ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո որևէ խնդիր չի ունենալու այն հարցի հետ, որ ՍԴ-ն չվավերացնի այդ պայմանագիրը»,- նշում է սահմանադրագետը։
Պողոսյանի խոսքով՝ որոշման հիմնավորումն այն է, որ ինչ Սահմանադրության բուն տեքստում ամրագրված չէ համազգային նպատակների առումով, հետևաբար Սահմանադրության մեջ չկա։ Սա նաև նշանակում է, որ Սահմանադրությունը որևէ համազգային նպատակ՝ Արցախի վերամիավորման հետ կապված, չի դիտարկում։
«Սահմանադրական դատարանն ասում է՝ Սահմանադրության շրջանակից դուրս այն ամենը, ինչ հռչակագրում կա, բայց Սահմանադրության բուն տեքստում չի ամրագրվել, իրավական ուժ չունի»,- նշում է Պողոսյանը։
Հավելում է, որ սա անհեթեթ պնդում է, որովհետև ՀՀ Սահմանադրության նախաբանը հստակ ամրագրում է, որ գոյություն ունեն համազգային նպատակներ ու այդ համազգային նպատակներն ամրագրված, հաստատագրված են «Անկախության մասին» հռչակագրում։ Միաժամանակ, Սահմանադրության նախաբանում հստակ նշված է, որ հիմք է ընդունում ամրագրված այդ համազգային նպատակները։
«ՀՀ Սահմանադրության նախաբանը չի կարելի մեկնաբանել այնպես, ինչպես արել է Սահմանադրական դատարանը, այսինքն՝ պարզ ասած ասել է, որ 1994թ․, երբ այդ դրույթն ամրագրվեց Սահմանադրության նախաբանում, հանկարծ 1 տարի հետո իր ուժը կորցրեց և որևէ նշանակություն այլևս չունի»,- նշում է սահմանադրագետը։
Շեշտում է՝ սա մի այնպիսի մեկնաբանություն է, որն առողջ բանականության սահմաններից դուրս է գալիս։ Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է, որ ՍԴ-ն վաղօրոք ցանկացել է ապահովագրել ՀՀ քաղաքական իշխանություններին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ունեցած մտահոգությունների առումով։
«Եթե խաղաղության պայմանագիր իսկապես կնքվի, ՍԴ-ն առանց այլևայլությունների, երկար փաստարկումների պարզապես կարող է հղում անել այս որոշմանն ու ասել, որ Արցախի կլանումն Ադրբեջանի կողմից ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,- եզրափակում է մասնագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում