Արցախցիների հարցով կդիմեն ՍԴ․ «Հրապարակ»
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2019-ից Արցախում գործել է կենսաթոշակների կուտակային համակարգը: Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիները պահանջում էին իրենց վերադարձնել 5 տարվա ընթացքում կուտակած գումարները, քանի որ քչերն են շարունակելու կուտակումներ անել։ 2024 թ. հունվարի 16-ին Արցախի ԱԺ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարեց լրացում, որ, արտակարգ հանգամանքներում, ֆոնդում առկա գումարը տնօրինում է անհատը՝ իր ցանկությամբ:
«Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում․․․ մասնակցի համար կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ ձեւավորված միջոցները մասնակցի ցանկությամբ փոխանցվում են նրա այլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում բանկային հաշվին»,- նշված է փոփոխված դրույթում: Սակայն ՀՀ կառավարությունը համարեց, որ պետք է յուրացվեն այդ գումարները, փոշիացվեն, բայց չվերադարձվեն արցախցիներին, եւ 2024 թ. հունիսի 13-ին ՀՀ ԱԺ-ն օրենքում կատարած փոփոխությամբ արցախցիների կուտակային ֆոնդը տեղափոխեց ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ։
Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները դիմել են հայաստանյան ընդդիմությանը` օրենքի փոփոխությունը ՍԴ-ում վիճարկելու խնդրով։ Այժմ հայցադիմումի վրա են աշխատում: ՍԴ-ից պահանջելու են Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ ԱԺ ընդունած օրենքը՝ այն հիմնավորմամբ, որ Արցախի կուտակային ֆոնդերը ՀՀ տարածքում չեն գործել, իսկ ՀՀ օրենքը տարածվում է միայն ՀՀ տարածքում ստացված եկամուտների վրա։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում