Եվս հինգ եկեղեցական դարձել է ՀՀ Զինված Ուժերի սպասավոր
Նմանատիպ
Հուլիսի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Զինված Ուժեր հոգևոր սպասավորության մեկնող հինգ եկեղեցականների’ ուղեկցությամբ Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Մայր Աթոռի մամլո դիվանի հաղորդմամբ՝ հանդիպմանը Վրթանես Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Հայոց բանակի նոր հոգևոր սպասավորներին, անդրադարձավ Բանակի հոգևոր սպասավորության գործունեությանը:
Այնուհետև հոգևոր ծառայության կոչված եկեղեցականներին օրհնեց և իր պատգամը տվեց Ամենայն Հայոց Հայրապետը: Ընդգծելով, որ նրանք կոչված են հայ զինվորի ոգին բարձրացնելու, Հայրենիքի և Եկեղեցու հանդեպ նրա սերը զորացնելու, քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելու կարևոր ծառայության’ Նորին Սրբությունը հորդորեց օրինակելի անձեր դառնալ զինծառայողների համար և հավատի խորն ապրում փոխանցել նրանց:
Վեհափառ Հայրապետը կոչ արեց անսակարկ ու աննվազ նվիրումով հովվական աշխատանք իրականացնել այն գիտակցությամբ, որ բանակը հայոց պետության և ժողովրդի գոյության երաշխիքն է:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավետ ծառայություն մաղթեց եկեղեցականներին’ իրենց սպասավորությամբ նպաստելու Հայրենիքի անվտանգությանն ու ապահովությանը:
Ներկայումս ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունն ունի տարբեր զորամասերում սպասավորող քառասունյոթ եկեղեցականներ: Այս տարի լրանում է առաջնորդության 15-ամյակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում