Մենք պատրաստ ենք այս ամիս ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթը՝ համաձայնեցված կետերով․ Փաշինյան

Մենք պատրաստ ենք այս ամիս ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթը՝ համաձայնեցված կետերով․ Փաշինյան

Հայկական կողմը պատրաստ է արդեն այս ամիս ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, և  դա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։

Նա գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Փաշինյանը կրկնել է, որ համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է երկու երկրների միջև, և որ  Հայաստանն առաջարկում է համաձայնեցված կետերով փաստաթուղթը ստորագրել, հետո շարունակել բանակցությունները։

«Մենք կարող ենք գործել հետևյալ տրամաբանությամբ․ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է՝ այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի «խաղաղության պայմանագիր», որը կլուծի բոլոր հարցերն ու կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը», անխուսափելիորեն կմնան հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն»,-ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգին։ Նրա խոսքով՝ դատարանը դրանով հաստատել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այդ թվում՝ խորհրդային շրջանի սահմանների ճանաչումը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում