«Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայի» բարքերն է արմատավորում. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հետհեղափոխական Հայաստանում նոր «լիսկաներ» են հայտնվում:
«Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». այս խոսքերի ու անպատժելիության հեղինակը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Գուրգեն Հակոբյանը՝ փորձելով բարձրաձայնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի «բեսպրեդելը» մարզում, որի դեմ չեն կարողանում պայքարել անգամ իրավապահները:
Ըստ քաղաքացի Գուրգեն Հակոբյանի՝ ինքը «Կվարց Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ իր ղեկավարած ՍՊԸ-ն «Լուսակունք» ՍՊԸ-ից մետաղական խողովակներ է գնել:
«Մետաղական խողովակները գտնվում են Վարդենիսի վարչական շրջանի Այրք համայնքի տարածքում: Հետագայում ցանկացել եմ խողովակները տեղափոխել այլ վայր ու դիմել եմ համայնքապետին (բոլոր դիմումներս կան), նաեւ մարզպետին, բայց թույլ չեն տալիս խողովակները տեղափոխեմ՝ ու վերջ: Կան բոլոր փաստաթղթերը, որ խողովակները պատկանում են մեր ընկերությանը, սեփականության վկայականն էլ իմ ձեռքում է, սակայն մարզպետը թույլ չի տալիս՝ խողովակները տեղաշարժեմ: Ասում է՝ խողովակները համայնքինն են ու պետք է մնան համայնքում: Դիմել եմ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին, նա էլ վախենում է թույլատրելուց, քանի որ Գեղարքունիքի մարզպետը ասում է, որ Գեղարքունիքի մարզի «թագավորն» ու «Նիկոլն» ինքն է, ոնց ուզում է՝ պիտի այդպես լինի, ոչ ոք չի կարող իր ասածը չանել:
Խողովակների տեղափոխության ժամանակ ոստիկանությունը բռնել է մեզ, ու արդեն 4 ամիս է խողովակները ոստիկանության Վարդենիսի բաժնի մոտ են, ու ո՛չ դատում են ինձ, ո՛չ էլ թողնում են իմ ապրանքը տանեմ, բոլոր փաստաթղթերը սեփականության վկայականները ներկայացրել եմ քննիչներին, կա՛մ պետք է կարճեն կա՛մ պետք է ինձ կալանավորեն. չեն անում ոչինչ»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ պարզելու, թե ինչու է խոչընդոտում քաղաքացու սեփականության տեղաշարժին: Ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը հայտնեց. «Մեկ բառով կարող եմ ասել՝ ստախոսություն է: Եթե որեւէ մեկը փորձում է համայնքի վարչական տարածքում որեւէ աշխատանք իրականացնել, նկատի ունեմ՝ քանդման, վերակառուցման, պետք է դիմի համայնքապետարան ու ստանա համապատասխան թույլտվությունը եւ իրականացնի, երբ մարդը չի դիմում ու չունի թույլտվություն եւ իրականացնում է, համայանքապետարանի կողմից վարույթ է գործադրվում, ու այս ամենից հետո նա շարունակում է այդ գործողությունները, դիմում են ոստիկանություն, ու ոստիկանությունն է միջամտում տվյալ աշխատանքները կանխելուն: Հիմա այդպիսի իրավիճակ է ստեղծվել:
Այսինքն, մարդը, չունենալով քանդման թույլտվություն, իրականացրել է այդ աշխատանքները ու դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ:
Դրանից հետո մարդիկ դիմել են թույլտվություններ ստանալու համար, ու համայնքապետարանը պահանջել է իրենցից սեփականության վկայական ներկայացնել, որ դա իրենց սեփականությունն է, բայց որեւէ մեկը մինչեւ այսօր սեփականության վկայական չի ներկայացրել ո’չ համայնքապետարան ո’չ որեւէ այլ մարմին, որպեսզի որոշում կայացվի»,- պարզաբանեց մարզպետը:
Երբ մարզպետին փոխանցեցինք բնակիչներից շատերի դժգոհությունը, որ նոր «Լիսկա» է հայտնվել Գեղարքունիքի մարզում, անպատժելիություն է, մարզպետը զայրացավ՝ «եթե արդար են, թող գան ասեն, թե ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել այդ ՀԷԿ-ը կառուցելուց առաջ: Եթե քաղաքացին պնդում է, թե սեփականության վկայական ունի, թող որ այն փոխանցի ձեր լրատվամիջոցին»:
Տեղեկացնենք, որ քաղաքացու համապատասխան տարածքի սեփականության վկայականը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է. սպասում ենք մարզպետի կողմից հարցի արդարացի լուծման»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում