Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը պահել շրջափակման մեջ․ Փաշինյան
Նմանատիպ
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՀՀ շահագրգռությունների կիզակետում է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ երբեմն զարմանք են պատճառում այն մեկնաբանությունները, թե այս նախագիծը որևէ կերպ թելադրված է դրսից, արտաքին աշխարհից։ Սա ուղղակի իրադրության չգնահատման կամ պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Ակնհայտ է, որ այս նախագծով Հայաստանի Հանրապետությունը առավել քան շահագրգռված է»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե այս նախագիծը կարող է լինել «բարեբախտություն» է մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար։
«Տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն»,-ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ըստ Փաշինյանի՝ Բաքուն ցանկանում է օգտվել Հայաստանով անցնող հաղորդակցություններից, սակայն մտադիր չէ ապաշրջափակել սեփական կապուղիները։
«Այս վարքագիծը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել Հայաստանով անցնող հաղորդակցությունները, այլ ոչ թե բացել սեփականը և Հայաստանին պահել շրջափակման մեջ», – ասաց նա։
Նա նաև հավելեց, որ Ադրբեջանը չի ցանկանում ընդունել Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, քանի որ մտահոգված է, որ Հայաստանը կօգտագործի այդ տնտեսական օգուտը սեփական պաշտպանությունն ուժեղացնելու համար. «Բայց մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մենք ագրեսիվ պլաններ չունենք, ավելին, չենք պատրաստվում ռազմական ճանապարհով ազատագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացված հատվածները», – հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում