Նախկին պատգամավորի նախկին ընդդիմադիր որդին առանց մրցույթի հաղթող է ճանաչվել. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Միլիարդավոր դրամների պետական գնումներ են արվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։
2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը «Բիդեք» ՍՊԸ-ի եւ մի քանի գերատեսչությունների միջեւ 7 պայմանագիր է կնքվել, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 4 միլիարդ դրամ եւ ավելի։ Հենց այս ընկերությունն է, որ ստանձնել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարանի հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքների կատարումը։ Այս ծառայությունը մատուցելու համար Դավիթ Սեդրակյանի ընկերությանը տրամադրվել է 743 մլն ՀՀ դրամ։
Մանրամասնենք, որ Սեդրակյանի «Բիդեք» ՍՊԸ-ի եւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագիրն արժեցել է 844 մլն 937 հազար դրամ, նպատակը՝ ««ՀԱԷԿ» ՓԲԸ կարիքների համար պահեստային ճգնաժամային կենտրոնի կառուցման աշխատանքներ»։
«Բիդեք» ՍՊԸ-ի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 431 մլն 980 հազար դրամ, նպատակը՝ «կրթական օբյեկտների հիմնանորոգում (Երեւանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման 2024 թ. աշխատանքներ)»։
«Բիդեք» ՍՊԸ-ի եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջեւ կնքված պայմանագրի արժեքը կազմել է 9 մլրդ 410 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքի» մատուցում։
«Բիդեք» ՍՊԸ-ի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջեւ կնքված պայմանագիրն արժեցել է 438 մլն 822 հազար դրամ, նպատակը՝ «կամուրջի հիմնանորոգման աշխատանքների» մատուցում։
«Բիդեք» ՍՊԸ-ի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջեւ կնքված պայմանագիրն արժեցել է 2 մլրդ 964 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արագածոտնի մարզի ք. Աշտարակի Վ. Պետրոսյանի անվ. հիմն. դպրոցի կառուցման աշխատանքների» մատուցում։
«Բիդեք» ՍՊԸ-ի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջեւ կնքված մյուս պայմանագրի արժեքը կազմել է 1 մլրդ 91 մլն դրամ, նպատակը՝ «ՀՀ Արարատի մարզի Լուսաշող բնակավայրի կրթահամալիրի կառուցման» աշխատանքների» մատուցում։
Պայմանագրերը կնքվել են հրատապ բաց մրցույթի կամ բաց մրցույթի ընթացակարգով՝ այսինքն՝ առանց մրցակցության»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում