Խորհրդային Հայաստանը ուրբանիզացիայի և արդյունաբերականացման մակարդակով գերազանցում էր Վրաստանին և Ադրբեջանին. տեսանյութ
Նմանատիպ
Արևելյան Հայաստանի կամ այլ կերպ ասած` ժամանակակից Հայաստանի ուրբանիզացիան սկսվել է դեռևս Ցարական Ռուսաստանի ժամանակներում: 19-րդ դարի երկրորդ կեսի ադյունաբերականացման քաղաքականությունն իր հետ բերել է նաև քաղաքային բնակչության թվաքանակի աճման անհրաժեշտության խնդիր: Ճիշտ է` Ցարական ժամանակներում Հայաստանի բնակչության ընդամենը 10 տոկոսն էր բնակվում խոշոր քաղաքներում` Ալեքսանդրապոլում, Երևանում, Գավառում և Գորիսում, սակայն արդյունաբերականացման միտումները չէին շրջանցում նաև հայկական միջավայրը:
Թեև, անհրաժեշտ է նշել, որ թե Ցարական ժամանակներում և թե խորհրդային կարգրի առաջին տարիներին Հայաստանի ուրբանիզացիայի տեմպը մեծ չէր: Եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ 1915-ի Հայոց ցեղասպանության հետևանքով հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ նոր տուն էին գտել Արևելյան Հայաստանում և բնակվում էին մեծամասամբ քաղաքներում, ապա ստացվում է, որ 1926թ.-ի մարդահամարի արդյունքներով արձանագրված 12 տոկոս քաղաքային բնակչության ծավալն առանձնապես չի տարբերվում 19-րդ դարի վերջի ցուցանիշներից:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Խորհրդային Հայաստանում ուրբանիզացիայի թռիչքը անմիջականորեն կապված էր 1920-ականների վերջից սկսված խորհրդային աննախադեպ արդունաբերականացման քաղաքականության հետ: Հաշված տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվել են շուրջ 70 արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց մի մասը ԽՍՀՄ մասշտաբներով ստրատեգիական նշանակություն ուներ: Սա էր հիմնական պատճառներից մեկը, որ Հայրենական Մեծ Պատերազմի նախօրեին Հայաստանի բնակչության շուրջ 30 տոկոսն ապրում էր քաղաքներում:
Իսկ արդեն 1950-ականների վերջերին Հայաստանի ուրբանիզացիան հատեց 50 տոկոսի շեմը` գերազանցելով ոչ միայն Ադրբեջանին, այլև Վրաստանին: Արդեն 1960-ականներին մայրաքաղաք Երևանի քաղաքաշինական տեմպը գերազանցում էր նույնիսկ Թբիլիսիին: Եվ, սա այն դեպքում, երբ Թբիլիսին Ռուսական Կայսրության ժամանակներում ունեցել էր փոխարքայի նստավայրի, փաստացի` Կովկասի վարչական կենտրոնի կարգավիճակ:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ քաղաքներն ու քաղաքաշինությունը պատմության կենդանի վկաներն են և կրում են տվյալ պատմական ժամանակաշրջանի շունչուն ու դիմագիծը: Այսօր էլ, ուսումնասիրելով Խորհրդային Հայաստանում ստեղծված քաղաքներն ու մինչ այդ էլ եղած քաղաքների ծավալման հետագիծը, կարելի է հստակ պատկերացում կազմել Խորհրդային Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային էության մասին:
Խորհրդային Հայաստանի արդյունաբերականացման և ուրբանիզացիայի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում