Լևոնի գյադաները

Հայ ազգային կոնգրեսի, առավել ևս նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրները երբևէ ինձ չեն հետաքրքրել: Մարդկանց այդ խմբի գործունեությանն անդրադարձել եմ բացառապես այն դեպքերում, երբ նրանք էին փորձում խնդիր դառնալ երկրիս ու ժողովրդիս համար: Նման դեպքեր շատ են եղել և, վստահ եմ, մոտ ապագայում կրկին կլինի: Անգամ հիմա, երբ ՀԱԿ-ը իր մայրամուտն է ապրում, ուրվագծվում է հետաքրքիր գործընթաց, որն ակնհայտորեն ուղղված է ՀՀՇ-ի, նրա գաղափարախոսության, գործիչների ու մեթոդների վերածննդին: Ինչպես կասեր ընդդիմադիր Facebook-չիների սիրելի «դասականը», գալիս է գյադաների ժամանակը: Ընդ որում, «գյադաներից» մի քանիսն արդեն խորհրդարանում են: Այդ թվում և Զուրաբյանը, որի մասին նույն ինքը՝ մեր ժամանակների «Խաչատուր Աբովյանը», բավական հետաքրիր կարծիք ուներ, որն էլ հրապարակված է «Գյադաների ժամանակը» գրքում.

«Եւ պակաս հուսահատեցնող է, քան մանկական վերկուսակցական խանդավառությունը Լյովիկ Զուրաբյանի, որով նա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր սոցիոլոգ կարգեց կենսագրությամբ, խասյաթով, անատոմիայով, ուղնուծուծով սկաուտ եւ դաշնակցական Նաիրի Բադալյանին՝ 1996 ընտրական տարում: Ինչպես եթե…

Բայց անպատկերացնելին ես ինչպես նկարագրեմ: Չեմ ուզում խորանալ «խլուրդ»-ական-լրտեսական դատողությունների մեջ, բայց պարզագույն մի կանոն՝ քաղաքական ասեմ, ազգային ասեմ, համակեցություն ասեմ, թե պարզապես կենցաղային, կա մի այդպիսի կանոն կամ օբյեկտիվ ռեալություն, որ համաձայնությանը նախորդում է հանդուրժողականությունը, ինչպես հաշտությանը զինադադարն է նախորդում»:

Ահա այսպես,պրն Տեր-Պետրոսյան: Չէ, չկարծեք, թե անհանգստանում եմ Ձեր շրջապատի կամ թե Ձեր քաղաքական ապագայի (ավելի ճիշտ՝ դրա բացակայության) համար: Պարզապես հիշեցի «դասականի» խոսքերն ու մտածեցի Ձեզ էլ հիշեցնեմ: Մեկ էլ տեսար, պետք եկավ: Չնայած՝ երևի թե գյադաների ժամանակի կենդանի հուշարձանը՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթոնը, ամեն ինչ անում է, որ Ձեր հիշողությունը թարմ մնա: Համենայն դեպս, ոճն ու ձևը լիովին պահպանված են:

Ի՞նչ ասեմ: Կներեք Ձեր խրախճանքին միջամտելու համար:


Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում