ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին տեղի չտալ. Արցախի ՀԿ-ների բողոքի ակցիան՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ
Նմանատիպ
«Ադրբեջանը ՀՀ-ից պահանջում է համատեղ դիմել՝ ԵԱՀԿ-ի լուծարման խնդրանքով»,-ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասել է Արցախի ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։
Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև ՀՀ-ին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսական իրավունքների ու շահերի, ինչպես նաև ՀՀ-ի պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական մեխանիզմից։ Նա ասել է, որ նամակ են փոխանցելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և տեղեկացրելու, որ 2024թ.-ի սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 50 կազմակերպություն ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։
Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքներում։
Նամակում նշվում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։
«Ավելին՝ ՀՀ-ն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով։ Արցախի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովուրդի նկատմամբ ցեղասպանական գործողություներն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միազգային համաժողովում ԼՂ կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը փակված է»,-նշվում է նամակում։
Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը հիմնազուրկ և վտանգավոր է։
Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ՀՀ-ից միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին տեղի չտալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում