Իլոն Մասկի X-ին դատի են տվել՝ պահանջելով վճարել $61 մլն պարտքը
Նմանատիպ
Թայվանական Wiwynn ընկերությունը դատի է տվել X-ին (Twitter) ՝ սերվերային սարքավորումների համար 61 միլիոն դոլար չվճարելու համար, որոնք պատվիրվել էին նախքան Իլոն Մասկը կգներ սոցցանցը։ Սակայն X-ը հերքում է բոլոր մեղադրանքները: Այս մասին գրում է tech.news.am։
Wiwynn-ը X-ին մեղադրում է պայմանագիրը խախտելու, բարեխղճության և արդար գործարքի սկզբունքները խախտելու և պարտավորություններն անազնիվ կատարելու մեջ։ Ըստ Tom’s Hardware-ի, ավելի ուշ հայցին ավելացվել են ևս երկու մեղադրանք՝ փաստերի դիտավորյալ խեղաթյուրում և մոլորեցնող պահվածք։
Բանն այն է, որ նախքան Մասկը ձեռք կբերեր Twitter-ը և այն կվերանվաներ X, ընկերությունը պայմանագիր էր կնքել Wiwynn-ի հետ՝ «հատուկ մշակված ՏՏ լուծումներ, ներառյալ սերվերային դարակներ» մատակարարելու համար: Եվ քանի որ այս ապրանքները մասսայական արտադրության մաս չէին կազմում, Wiwynn-ը ստիպված է եղել նախապես բաղադրիչներ պատվիրել։ Ինչպես նշված է հայցում, «արտադրանքը հավաքելու համար օգտագործվող բաղադրիչները հիմնականում եզակի են և պատվերի կատարման համար պահանջվում է երկար ժամկետներ, և Twitter-ը համաձայնել է գրավոր համաձայնություն տրամադրել անհրաժեշտ բաղադրիչներ գնելու և դրանց դիմաց վճարումներ կատարելու համար»:
Սակայն, երբ Մասկը դարձավ Twitter-ի սեփականատեր, սերվերի դիլերի հետ հարաբերությունները սկսեցին վատանալ։ Ըստ Wiwynn-ի՝ X-ը դադարել է վճարել իր պատվիրած սերվերի արտադրանքի համար, ինչպես նաև չի պատասխանել ուշացած վճարումների վերաբերյալ իրենց հարցումներին: Wiwynn-ը պնդում է, որ X-ը ավելի քան 32 միլիոն դոլար է պարտք մատակարարված ՏՏ արտադրանքի համար, ինչպես նաև չի ծածկել բաղադրիչների ծախսերը, որոնք Wiwynn-ն արդեն վճարել էր այլ մատակարարներին: Թեև ընկերությունը կարող է որոշ բաղադրիչներ վաճառել այլ հաճախորդներին, Wiwynn-ը պնդում է, որ X-ը դեռևս իրեն պարտք է առնվազն 61 միլիոն դոլար:
X-ն իր հերթին հայտարարել է, որ չի խախտել Wiwynn-ի հետ իր պայմանագրի պայմանները, քանի որ «չի տվել վերջնական հավանություն՝ պատվիրելու սարքավորումներ, որոնք Wiwynn-ն արդեն գնել և մատակարարել է»: X սոցիալական ցանցի ներկայացուցիչներն այլ մեկնաբանություն չեն տվել։ Գործը քննվում է Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի շրջանային դատարանում (ԱՄՆ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում