Միջնադարում Կեչառիսի վանական համալիրը հայոց ինքնության պահպանության գլխավոր կենտրոններից էր. տեսանյութ
Նմանատիպ
Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանական համալիրը հայոց եկեղեցաշինության գլուխգործոցներից է: Ժամանակակից տերմինաբանությամբ ասած` Կեչառիսի վանքը ի սկզբանե էլիտար նշանակություն է ունեցել թե ձևի, և թե բովանդակության համատեքստում: 11-րդ դարում այս վանական համալիրի օծման արարողությանը մասնակցել է հայոց արքա Գագիկ Առաջին Բագրատունին, կաթողկոս Սարգիս Առաջին Սևանցին և ամբողջ հայկական իշխանական վերնախավը:
Վանքը նաև նշանավորվում է նրանով, որ Կեչառիսի տարածքում են հանգչում հանուն Հայրենիքի նահատակված այնպիսի զորավարներ, ինչպիսիք են Գրիգոր Ապիրատյան իշխանը և Պռոշ Մեծ իշխանը: Կեչառիսի վանական համալիրում են գործունեություն ծավալել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և Խաչատուր Կեչառեցին, որոնց գաղափարախոսական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ պահպանել հայոց ազգային ինքնությունն ու գաղափարական հիմքեր ստեղծել պետականության վերականգնման համար:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Կեչառիսի վանական համալիրը միջնադարյան այն խոշոր ազգային-հոգևոր կենտրոններից էր, որը նպատակադրված պայքարում էր հայոց ինքնության պահպանման և օտարամոլության դեմ: Կեչառիսի վանական միաբանության համառ պայքարի շնորհիվ էր նաև, որ միջնադարում Հայ Առաքելական Եկեղեցին կարողացավ պահպանել դավանաբանական ինքնուրույնությունը, իսկ հայ ժողովուրդը` հոգևոր սուվերենությունը: Կեչառիսի վանքը ուշագրավ է նաև այն հանգամանքով, որ եկեղեցու բակում պահպանվել է վանքի ճարտարապետի` Վեցիկ վարդապետի տապանաքարն ու խաչքարը: Եզակի երևույթ է, երբ մեր օրեր է հասել միջնադարյան հայ ճարտարապետի շիրմաքարը` ընթեռնելի արձանագրությամբ: Կեչառիսի վանքը յուրահատուկ է եկեղեցու ճակատային հատվածում արված որմնանկարով, որը պատկերում է Ահեղ Դատաստանի տեսարանը:
Ըստ լրագրող, պատմաբան Անի Հակոբյանի՝ 11-րդ դարում Պահլավունի իշխանատոհմի հիմնած Կեչառիսի վանքի շնորհիվ Ծաղկաձորը շուրջ 1000 տարի է` ճանաչելի վայր է թե հայերի, և թե արտասահմանցիների համար: Ծաղկունյաց լեռների ստորոտին ծվարած այս բնակավայրը արդեն խորհրդային ժամանակներում վերածվել է հանգստի գոտու և նշանավոր սպորտային կենտրոնի, որտեղ մեր օրերում էլ տարբեր երկրների սպորտային հավաքականներ մարզումներ են անցկացնում:
Կեչառիսի վանական համալիրի և Ծաղկաձորի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում