Հաքերները հասել են տիեզերք
Նմանատիպ
Հաքերներն արդեն սովորել են, թե ինչպես հարձակվել տիեզերական ենթակառուցվածքի վրա և պարբերաբար փորձում են կոտրել այն, այժմ ամենախոցելին նավիգացիոն համակարգերն են, և հիմնական վտանգը ներկայացնում են թիրախավորված հարձակումները և հաքտիվիզմը, երբ կիբեռհարձակումների միջոցով ուշադրություն են հրավիրում սոցիալական կամ քաղաքական խնդիրների վրա, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Kaspersky GReAT-ի փորձագետ Իզաբել Մանջարեսը։
«Տիեզերական տարածքում ամենավտանգավորն այս պահին հաքերներն են ու ենթակառուցվածքի վրա թիրախային հարձակումները, հատկապես նավիգացիոն համակարգերի, այդ թվում՝ GPS-ի և GLONASS-ի վրա»,- Security Analyst Summit-ի ժամանակ ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ ողջ տիեզերական ենթակառուցվածքը կարելի է բաժանել երեք սեգմենտի՝ արբանյակներ, ազդանշանների ընդունիչներ և դրանց հետ կապված ամեն ինչ, և վերջնական օգտագործողներ։
«Ամենախոցելի մասը հենց ընդունիչներն են, այսինքն՝ տիեզերքին սպառնացող վտանգը հիմա միայն բոլոր տեխնոլոգիաների վերգետնյա հատվածն է: Այս ընդունիչների կառուցվածքը մեծ թվով պոտենցիալ խոցելիություններ շահագործելու հնարավորություն է թողնում։ Կարևոր է, որ նման սարքերը մուտք չունենան ինտերնետ, բայց հաճախ ունենում են, և դա շատ վտանգավոր է»,- պարզաբանել է հետազոտողը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, տիեզերքում հարձակումների թիվն աճում է տեխնոլոգիայի աճին և տիեզերական ենթակառուցվածքների քանակի աճին զուգահեռ։ «Այժմ ամենաշատը հարձակման են ենթարկվում տեղորոշման ծառայությունները, բայց կան հարձակումներ ինչպես Starlink-ի, այնպես էլ OneWeb-ի վրա, ընդհանուր առմամբ, ամենախոցելի մասը, իհարկե, ցածր ուղեծրի արբանյակներն են և դրանց ենթակառուցվածքը», – եզրափակել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում