Քոթբուսի կինոփառատոնում կկայանա հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան
Նմանատիպ
Նոյեմբերի 5-ից 10-ը, Գերմանիայի Դաշնության Քոթբուս քաղաքում անցկացվելու է Արևելյան Եվրոպայում կինոյի առաջատար միջազգային փառատոներից մեկը՝ Քոթբուսի կինոփառատոնը (The FilmFestival Cottbus (FFC))։ Այս մասին գրում է aravot.am-ը։
1991թ.-ին հիմնադրված այս փառատոնը կենտրոնացած է նախկին սոցիալիստական երկրների իրավահաջորդ անկախ պետությունների, ինչպես նաև նրանց հետ տնտեսապես ու մշակութային սերտ համագործակցության մեջ գտնվող անմիջական հարևան երկրների՝ Ֆինլանդիայի, Հունաստանի և Թուրքիայի ֆիլմերի ներկայացման վրա:
Քոթբուսը նաև Համատեղ Արտադրության շուկա է՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային երկրների կինոմատոգրաֆիստների հանդիպման վայր։ Ամեն տարի հատուկ ընտրված տարածաշրջանը ներկայացնող որևէ երկրի թեմատիկ ծրագրերի բաժինները հանդիսատեսին եզակի հնարավորություն են տալիս տեսնելու Արևելյան Եվրոպայի լավագույն ֆիլմերը, որոնք նշում են իրենց համաշխարհային, միջազգային կամ գերմանական պրեմիերաները Քոթբուսում:
Այս տարի Քոթբուսի ուշադրությանն է արժանացել հայկական կինոն։ Փառատոնի՝ «Հայաստանը խոշոր պլանով» ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների կողմից արտադրած, հայկական «ԲԵՔՍԹԵՅՋ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի (ռեժ․ Հովհաննես Գալստյան) համաշխարհային պրեմիերան։ Ցուցադրությանը կհաջորդի ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի, պրոդյուսերներ Անի Գալստյանի, Լաուրա Քլևերի և Ադոլֆ Էլ Ասսալի ասուլիսը՝ հարց ու պատասխան ձևաչափով։
«Բեքսթեյջ» ֆիլմի իրավատեր Էնսո Ֆիլմզ կինոընկերության հիմնադիր, պրոդյուսեր Անի Գալստյանը «Հրավիրված Հյուրի» կարգավիճակով կներկայացնի Հայաստանը կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Connecting Cottbus» կինոշուկայում։
Ի դեպ, չնայած Քոթբուսի կինոփառատոնը և կինոշուկան ներառված է ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների» ցանկում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար չի գտել հոգալ հայկական պատվիրակության ծախսերի անգամ չնչին մասը։ Այցը կկայանա փառատոնի կազմակերպիչների, ֆիլմի արտադրողների և «Գյոթեի Ինստիտուտի» աջակցության շնորհիվ։