Google Chrome-ը ռեսուրսատար ներդիրները կառավարելու նոր գործիքներ է ներկայացրել

Google Chrome-ը ռեսուրսատար ներդիրները կառավարելու նոր գործիքներ է ներկայացրել

Google-ը թողարկել է Chrome դիտարկչի թարմացում, որի նպատակն է բարելավել հիշողության աշխատանքը և օպտիմալացնել ներդիրների օգտագործումը: Այս մասին հաղորդում է tech.news.am-ը։

Ավելացվել են նոր հնարավորություններ, որոնք կօգնեն օգտվողներին ավելի լավ կառավարել ռեսուրսները շատ սպառող ներդիրները: Հիմնական նորամուծություններից է «Ծանուցումներ կատարողականի խնդիրների մասին», ինչպես նաև արդեն գոյություն ունեցող «Հիշողության խնայողության» (Memory Saver) ռեժիմի բարելավումները:

Ծանուցումների նոր համակարգը զգուշացնում է օգտվողին, եթե ներդիրներից մեկն սկսում է ավելի շատ ռեսուրսներ սպառել, քան անհրաժեշտ է: Այս դեպքում, ինչպես գրում է The Verge-ը, գործիքագոտում օգտատիրոջ ավատարի կողքին հայտնվում է արագաչափի տեսքով փոքրիկ պատկերակ։ Սեղմելով դրա վրա՝ կարող եք տեսնել խնդիր առաջացնող ներդիրների ցանկը և ընտրել գործողությունների տարբերակներից մեկը՝ «Մերժել» կամ «Շտկել հիմա»:

Բացի ծանուցումներից, թարմացվել է նաև Memory Saver ռեժիմը, որը Chrome-ում ներդրվել է 2022-ին։ Այս ռեժիմն ավտոմատ կերպով սառեցնում է ոչ ակտիվ ներդիրները՝ համակարգչի ռեսուրսներն ազատելու համար: Ինչպես հաստատել է Google-ի ներկայացուցիչ Սքոթ Վեսթովերը The Verge-ի հետ զրույցում, «Հիշողության խնայողության» ռեժիմներն այժմ կոչվում են «Չափավոր», «Հավասարակշռված» և «Առավելագույն»: Ինչպես հուշում են անունները, յուրաքանչյուր ռեժիմ որոշում է օպտիմալացման աստիճանը՝ ռեսուրսների ավելի մեղմ կառավարումից մինչև չօգտագործված ներդիրների հնարավորինս արագ անջատում:

«Չափավոր» ռեժիմն ավտոմատ կերպով վերլուծում է համակարգի կարիքները և կառավարում ներդիրները։ «Հավասարակշռված» ռեժիմը հաշվի է առնում և՛ համակարգի կարիքները, և՛ օգտվողի սովորությունները, և «Առավելագույն»-ն անջատում է ներդիրները անմիջապես այն բանից հետո, երբ օգտատերն այլևս չի օգտագործում դրանք: Այս կարգավորումները թույլ են տալիս ճկուն կերպով վերահսկել դիտարկչի աշխատանքը՝ կախված օգտատիրոջ նախասիրություններից և համակարգչի ընթացիկ ծանրաբեռնվածությունից:

Նոր գործառույթները միացնելու համար հարկավոր է բացել Chrome-ի ընտրացանկը, գնալ «Կարգավորումներ» (Settings) մենյու և ընտրել «Կատարողականություն» (Performance) ներդիրը: Արդեն այնտեղ կարող եք միացնել ծանուցման տարբերակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում