«Ադրբեջան ագրեսո՛ր», «Ադրբեջան օկուպա՛նտ», «Ադրբեջան ցեղասպա՛ն». բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի առջև
Նմանատիպ
«Ադրբեջան ագրեսո՛ր», «Ադրբեջան օկուպա՛նտ», «Ադրբեջան ցեղասպա՛ն»: Այսօր՝ նոյեմբերի 1-ին, նման վանկարկումներով բողոքի ակցի է իրականացվել ՄԱԿ-ի գրասենյակի առջև, որը կազմակերպել էր ՀՅԴ ԳՄ-ն։
Ակցիայի մասնակիցները պահանջում են նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական փոփոխության համաժողովից ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին նամակ հանձնելուց հետո, ակցիայի մասնակցիները երթով շարժվեցին դեպի ՀՀ ԱԳՆ, այնուհետև ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատուն։
Մինչ երթի մեկնարկն ու նամակի հանձնումը, բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի առջև կարդացին ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, որում ասվում է․
«Մարդու իրավունքների և ազատությունների վատագույն ցուցանիշներ արձանագրած, նավթային բռնապետություն համարվող Ադրբեջանն ընդամենը մեկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել՝ բռնի տեղահանության ենթարկելով 120 000 արցախահայության: Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանությունը։ Բաքվի բանտերում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Կլիմայական արդարություն չի կարող լինել առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության: Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արյունոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։
Համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելու ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը»։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ՀՀ իշխանությունից մենք շատ վաղուց ակնկալիք չունենք, որովհետև նրանք շատ վաղուց չեն սպասարկում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահը, այլ ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը, բազմաթիվ անգամ դա ապացուցել են։
«Սա Թուրքիայի հերթական պահանջներից մեկն էր, որը բավարարում է Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ադրբեջանական և թուրքական մամուլի առաջին էջերի ամենասպասված հյուրերից են»,- նշեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում