Ինչո՞ւ է տրանսպորտային բարեփոխումը խուճապ առաջացրել հասարակության մեջ
Նմանատիպ
«Վաճառում եմ 100 դրամ 200 դրամով, հավաքել եմ 11 հատ 100 դրամանոց, որը կփոխարինեմ 3 սենյականոց բնակարանի հետ, 100 դրամանոցի համար չդիմել»,- վերջին օրերին այս և նամանատիպ հումորային գրառումների կարելի է հանդիպել համացանցում։ Հումորը, հումոր, բայց բնակչության մի ստվար հատված խուճապի մեջ է, պատճառը՝ տրանսպորտային բարեփոխումներն են։
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը։ Տրանսպորտից օգտվողն այլևս չի կարողանա վարորդին փոխանցել թղթադրամ, կամ այլ գումար։ Ուղևորն ստիպված է իր մետ ունենալ 100 դրամանոցներ։
«Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդով վճարելը։ Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:
Հավելենք նաև, որ այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս «Telcell Wallet»-ով, ապա, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը, «Telcell Wallet» հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո):
Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Ուղևորի համար սա անհասկանալի է, նրա բողոքը հետևյալն է՝ որտեղից ամեն օր որոշակի քանակությամբ 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ձեռք բերի։ «QR կոդ-ի համար ինձ ստիպում են դառնալ Telcell-ի բաժանորդ, չկա այլընտրանք»,- ամենուր հնչում են այս մտահոգությունները։
«Հաշվետու երկու շաբաթվա ընթացքում 3 մլն 742 հազար 435 ուղևորից միասնական տոմսային համակարգից օգտվել է 126 հազարը կամ 3,4 տոկոսը։ Նոյեմբերի 1-ին 316 782 ուղևորից էլ օգտվել է 52 153, իսկ նոյեմբերի 2-ին` 231 523 ուղևորից օգտվել է 50 837 ուղևոր։ Նոյեմբերի 3-ին` 176 579 ուղևորից էլ միասնական տոմսային համակարգից օգտվել է 46 134-ը»,– այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։ Նա ընդգծել է, որ շաբաթ–կիրակի օրերին միասնական տոմսային համակարգով վճարման հասույթը 4 և 5 մլն դրամով ավելացել է։
Հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։ Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։
Մարինե Գասպարյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում